Պակիստանի Փեշավար քաղաքի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 105-ի։ Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով տեղական հոսպիտալի ներկայացուցիչներին։ Դեռեւս 71 մարդու ինքնություն է պարզվել։

Քաղաի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է պայթեցվել. պայթուցիկ սարքի հզորությունը եղել է 120կգ տրոտիլին համարժեք։ Պայթյունի հետեւանքով բազմաթիվ մարդիկ մնացել են առեւտրային տաղավարների եւ ծածկերի տակ, փլվել է մի եռահարկ շենք, ինչն էլ դժվարացնում է փրկարարական աշխատանքները։

Պայթյունը Փեշավարում տեղի է ունեցել երեկ, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի՝ Պակիստան այցից քիչ հետո։ Վերջինս Իսլամաբադ էր եկել նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի կառավարությանն աջակցելու համար։ Պայթյունը տեղի է ունեցել ճիշտ այն ժամանակ, երբ ամերիկյան դիվանագիտության առաջնորդը փակ դռների ետեւում բանակցություններ էր վարում պակիստանյան ղեկավարության հետ։ «Ես գնահատում եմ կառավարության եւ զինվորականների ջանքերը, նախկինում նրանք գործուն քայլեր չէին անում,- Իսլամաբադ ժամանելով ասել է Քլինթոնը՝ խոսելով ահաբեկիչների դեմ պայքարից»։ Վաշինգտոնը, հայտարարել է նա, «գիտակցում է Պակիստանի հետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»։