Կիեւի կենտրոնում` Միխայլովյան հրապարակում, սեպտեմբերի 23-ին, տեղի են ունեցել բախումներ ուսանողական կազմակերպության անդամների եւ ոստիկանության միջեւ, հաղորդում է The Moscow Post-ը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
«Պրյամոյե դեստվիե» ուսանողական կազմակերպության մի խումբ ակտիվիստներ բողոքում են Ուկրաինայի կրթության նախարար Դմիտրի Տաբաչնիկի քաղաքականության դեմ: Տրյոխսվյատիսլավյան փողոցում ոստիկանության կողմից շրջափակված ուսանողները դուրս են պրծել օղակից եւ ուղեւորվել Միխայլովյան հրապարակ` Դիվանագիտության ակադեմիայի ուղղությամբ: Դրանից հետո նրանց շրջափակել են ոստիկանության աշխատակիցները եւ «Բերկուտ» հատուկ ջոկատայինները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նշենք, որ նախօրեին Կիեւի կենտրոնում ձերբակալվել են 4 ուսանողներ, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում Կրթության նախարարության իրականացրած քաղաքականության դեմ: Եւս մի միջադեպ տեղի էր ունեցել Կիեւում անցկացված Եվրոպական երկրների կրթության նախարարների համաժողովի ժամանակ:
Դնի. Ռուն գրել է, որ «Կիեւ-Մոգիլյան ակադեմիայի» ուսանողուհին հարվածել է կրթության նախարար Դմիտրի Տաբաչնիկին պետական դրոշի երանգներով զարդարված ծաղկեփնջով, որից հետո նրան ձերբակալել են ոստիկանության աշխատակիցների կողմից:
Կրթության ներկայիս նախարարը, ում մեղադրում են ռուսամետ կողմնորոշման մեջ, հեղինակություն չունի ուսանողության շրջանում: Ուսանողական միությունները պահանջում են նրա հրաժարականը, նշում է «ՌԻԱ Նովոստին»:




























