Հայաստանում խաղողի վերաբերյալ վիճակագրական տվյալները չեն արտահայտում բերքի իրական ծավալների պատկերը: Նման կարծիք է հայտնել Հայաստանի գինեգործների միության ղեկավար Ավագ Հարությունյանը, սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Նրա կարծիքով, վիճակագրական տվյալների եւ իրական արտադրանքի տարբերությունը աչքի է ընկնում հենց այս տարի, երբ խաղողի հանդեպ պահանջարկը մեծապես աճել է:
«Գինու եւ կոնյակի գործարանների կողմից խաղողի պահանջարկի ավելացումը զգալիորեն գերազանցելու է առաջարկը: Այդ պատճառով տվյալների հակասությունն ակնհայտ է»,-նշել է Հարութունյանը:
Պետք է պայմանականորեն մոտենալ նաեւ գինու վերաբերյալ վիճակագրական տվյալներին, որի ծավալի մեջ ներառվում է ոչ միայն պատրաստի գինին, այլ նաեւ կոնյակի գործարանների կողմից ստացվող գինին: «Կոնյակի համար հումքը կարող է ներկայացվել որպես գինի: Դրա պատճառով գինու արտադրության ծավալների մասին տեղեկությունները կարող են ի հայտ գալ եւ մարտին, եւ հունիսին, մինչդեռ հայտնի է, որ գինին արտադրվում է տարեկան մեկ անգամ` հոկտեմբերին»,-նշել է մասնագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2011 թվի հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում արտադրվել է 3029 հազար լիտր գինի, որը 15,4 տոկոս ավելին է 2010 թվի առաջին կեսի ցուցանիշներից:




























