Ոսկու գնի սրընթաց աճը ոսկերիչներին խանգարում է եւ աշխատելուն, եւ իրացնելուն: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի ոսկերչական գործարանի տնօրենների խորհրդի եւ Հայաստանի ոսկեգործների եւ ակնագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը:

Նրա խոսքով` ոսկու գնի աճը հանգեցրել է նրան, որ միջին դասակարգը գործնականում ոսկի չի գնում, սակայն առավել հարուստ խավերն, ընդհակառակը, ավելի մեծ հետաքրքրություն են դրսեւորում ոսկու նկատմամբ: Մյուս խանգարող հանգամանքը անկայուն փոխարժեքն է, ինչը հնարավորություն չի տալիս «ճիշտ կարգավորել» ֆինանսական հոսքերը:

«Մեզ պետք է կայունություն, այդ տատանողականությունը քայքայում է մեզ: Հաշվել էի` 5 կգ ոսկի առնեի, բայց ոսկին թանկացավ ու փոխարժեքը փոխվեց, ստիպված 4 կգ առա, իմ 100 աշխատողից  20-ը չաշխատեց»,- ասաց Է. Գրիգորյանը:

Այնուամենայնիվ, ըստ Է. Գրիգորյանի, հայկական ոսկերչությունը զարգանում է համընթաց քայլերով, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, սակայն խնդիրներ կան վաճառքների կազմակերպման հարցում: «Մենք պետք է ստեղծենք ոչ միայն արտադրողների, այլեւ վաճառողների լուրջ դասակարգ: Արտադրելը մեր գենետիկ հատկությունն  է, իսկ վաճառողների գենետիկ հատկությունը կորել է, հիմա ուրիշ ձեւով են վաճառք անում: Հիմա պետք է լավ վաճառող գտնենք»,- ասաց Է. Գրիգորյանը: