«Եթե հայ-թուրքական զարգացումներում ինչ-որ բան փոխվի եւ ի հայտ գան նախապայմաններ, ապա ԲՀԿ-ն դեմ կքվեարկի արձանագրությունների վավերացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, հավելելով, որ «եթե պետք լինի՝ կոալիցիայից էլ դուրս կգանք»: Նրա ներկայացմամբ, հիմա սկսվում է «խաղաքարտերի բացման փուլը» եւ կողմերը արդեն ստիպված են լինելու բաց խաղալ:

Դիտարկմանը, թե Թուրքիայի վարչապետն ու ԱԳ նախարարը բաց տեքստով հայտարարում են, որ սահմանների բացումը ուղղակի կապի մեջ է ԼՂ հարցում հայկական կողմի զիջումներից, եւ արդյո՞ք դա նախապայման չէ, Խ. Գալստյանը պատասխանեց. «Պետական գործիչների հայտարարությունները չեն կարող հիմք հանդիսանալ, որպեսզի ընդունենք, թե կան նախապայմաններ: Այ եթե Թուրքիայի խորհրդարանում որոշում ընդունվի, որ մինչեւ ԼՂ հարցում առաջընթաց չգրանցվի կամ հայկական զորքերը այսպես կոչված „օկուպացված“ տարածքներից դուրս չգան, մենք չենք վավերացնի արձանագրությունները, դա մեզ համար բավարար հիմք կլինի գործընթացից դուրս գալու համար»: