«ԲՀԿ-ն լիարժեք կարող է իրականացնել իր ծրագրային հիմնադրույթներն ու իր տված խոստումները միայն այն պարագայում, եթե նա վայելի ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանն ու հավելեց. «Երեւանի ավագանու ընտրություններում, միայն 23 տոկոսից ավելին վստահության քվե տվեց ԲՀԿ-ին: Եթե ներկայիս քաղաքապետը կամ իշխանության կրողը քաղաքի զարգացումը տանի ոչ այն հունով, այդ դեպքում ԲՀԿ-ի պատասխանատվության բաժինը չի կարող լինել մաքսիմալ: Նույնը խորհրդարանական ընտրություններից հետո: Թեեւ ԲՀԿ-ն այսօր համարվում է Հայաստանի երկրորդ քաղաքկան ուժը, բայց խորհրդարանական ընտրություններում 15 տոկոս ձայն հավաքեց: Այդ չափով էլ պատասխանատու է իրականացված ծրագրերի համար»:

Հարցին, թե այդ դեպքում, տեսնելով սոցիալական առումով երկրում գրանցվող հետընթացը, ինչո՞ւ ԲՀԿ-ն դուրս չի գալիս կոալիցիայից, նա արձագանքեց. «Կոալիցիայում մնալով դու ավելի մեծ շանսեր ունես, քո առջեւ դրված խնդիրները լուծելու համար, քան ընդդիմադիր ֆորմատով: Սա Հայաստանում վաղուց ապացուցված բանաձեւ է»:

Խ. Գալստյանը կարծիք հայտնեց, որ քանի որ 2012 թվականին Հայաստանում ընտրություններ են լինելու, ապա արդեն 2010 թվականից քաղաքական ուժերը կսկսեն ակտիվանալ: Նա նշեց, որ այդ ժամանակ գուցե տեղի կունենան իրողություններ, որոնք բնականորեն կարող են հանգեցնել քաղաքական ուժերի նոր դասավորության, նոր ֆորմատների եւ բեւեռների ի հայտ գալուն: Խ. Գալստյանի ներկայացմամբ, քաղաքականությունը դինամիկ պրոցես է եւ ամեն ինչ հնարավոր է: