«Մարտի 1»-ի ԱԺ արդեն նախկին հանձնաժողովի զեկույցն արդեն թարգմանվել է եւ առաջիկա շաբաթվա ընթացքում կարող է ներկայացվել եվրոպական կառույցներին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: «Թարգմանությունը, ըստ էության, ավարտված է, արդեն պատրաստի թարգմանությունը մենք հրապարակային կդարձնենք եւ նաեւ միջազգային կառույցներին կուղարկենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովի անդամ, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը չի ստորագրել զեկույցի տակ, այն համարելով «ոչ օբյեկտիվ»: Փոխարենը ՆԺԿ առաջնորդը հրապարակել է իր սեփական զեկույցը, որն արդեն հոկտեմբերի 26-ին ուղարկել է ԵԽԽՎ: «Մենք չկարողացանք բացահայտել ո'չ այդ իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանց մահվան հանգամանքները, ո'չ եղածի իսկությունը, ո'չ եղածի օբյեկտիվությունը, ոչ ոք դրա համար պատիժ չկրեց»,- ընդգծել է նա:
Ենթադրվում է, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի առաջիկա նիստերից մեկում անդրադարձ կլինի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին:




























