ԱՄՆ մտադրություն չունի ամերիկյան ռազմակայաններ տեղակայել Վրաստանում, Ուկրաինայում եւ Բալթյան երկրներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի ու եվրասիական քաղաքականության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստ Ուոլլանդերը՝ «Աշխատում է արդյո՞ք վերագործարկումը» թեմայով ականավոր ամերիկյան փորձագետների հետ բանավեճի ժամանակ։ Ըստ Ուոլլանդերի, ոչ մի հիմք չունենք համարելու Ռուսաստանին «շրջապատված ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմակայաններով։ Եթե գնահատենք, օրինակ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակը, ապա այդ ցուցանիշը ավելի շուտ նվազել է,- նկատել է նա։ Միաժամանակ Պենտագոնի ներկայացուցիչը ուշադրություն է դարձրել այն բանին, որ ներկա դրությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի հարաբերությունները սկսել են զարգանալ դրական հունով։

Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումն ավելի կարեւոր է, քան զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը եւ նույնիսկ իրանական խնդիրը,- կարծում է ամերիկացի հայտնի քաղաքագետ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Քոհենը։ Նա քննադատաբար գնահատեց Վրաստանի գործողությունները՝ անցյալ տարվա օգոստոսին Կովկասում տեղի ունեցած զինված հակամարտության ժամանակ։

»Վրացական ղեկավարությունը՝ գտնվելով ակնհայտ պարտվողական իրավիճակում, իրեն դրսեւորեց որպես անխելք մի պատանի, որը պլնդրեկ տվեց ռուս արջի քթին եւ անմիջապես թաքնվեց քեռի Սեմի հետեւում՝ օգնություն ստանալու հույսով",- նշել է Քոհենը։

Նա իդեալիստական է համարել Ուոլլանդերի այն տեսակետը, թե իբր, բավական է ռուսներին համոզել «խաղալ կանոններով» եւ ԱՄՆ-ի ՌԴ-ի միջեւ առկա բոլոր դժվարությունները կհաղթահարվեն։ «Խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը չի խաղում ըստ կանոնների, այլ նրանում, որ այդ կանոնները չեն պահպանվում հենց ԱՄՆ-ի կողմից»,- ընդգծել է քաղաքագետը։ Ռուսական հենակայանների Կանադայում, Մեքսիկայում, Վենեսուելայում եւ Կուբայում ենթադրական հայտնվելու դեպքում Օբաման պարտավոր է անմիջապես ռազմական ուժ կիրառել կամ նրան սպասում է իմպիչմենտ,- արձանագրել է Քոհենը։

Մինչդեռ, Միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Վերշբոուն՝ ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության նկատմամբ Բարաք Օբամայի քաղաքականությանը նվիրված լսումներում, հայտարարել է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի ՆԱՏՕ ընդունվելու գործընթացը կտեւի տարիներ։ Թբիլիսիի ու Կիեւի ՆԱՏՕ ընդունվելու ժամկետները նշելու սենատոր Սեմ Բրաունբեկի խնդրանքին ի պատասխան Վերշբոուն պատասխանել է. «Չափազանց բարդ է որոշել այդ ժամանակացույցը»։ Նա պարզաբանել է, որ, ըստ Վաշինգտոնի, «խոսքը տարիների մասին է»։