Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն մայիսի 21-ին հանդես է եկել Քիշնևի Ազգային մեծ հրապարակում «Եվրոպական Մոլդովա» անունով ազգային Ժողով կազմակերպելու նախաձեռնությամբ։ «Յուրաքանչյուրի ձայնը կամրապնդի մեր եվրոպական ուղին։ Ես կոչ եմ անում բոլորին աջակցել մեր ընդհանուր երազանքին»,- ասել է Մայա Սանդուն, հաղորդում է «Ռադիո. Մոլդովա» հանրային ընկերությունը:
Առաջիկայում երկրի ղեկավարը այս իրադարձության հետ կապված մանրամասները կքննարկի եվրոպամետ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, երկրի ակադեմիական միջավայրի ու գործիչների հետ։
Երկրի ղեկավարը հայտարարել է, որ Մոլդովայի Հանրապետության համար կարևոր է մնալ եվրաինտեգրման ճանապարհին։
«Մոլդովան, ինչպես եվրոպական մյուս երկրները, հսկայական գին է վճարում Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած անիմաստ պատերազմի համար։ Մեկ տարուց ավելի է, ինչ երիտասարդներ են մահանում այն դաշտերում, որտեղ անցած տարիներին ցորեն է աճել։ Ռուսաստանը շարունակում է իր անմարդկային պատերազմն իր խաղաղ հարեւանի դեմ և փորձում է թուլացնել Եվրոպայի միասնությունը։ Կրեմլի շանտաժը հանգեցրել է էներգակիրների գների բարձրացման բոլորի համար, ինչի պատճառով բոլոր ապրանքների և ծառայությունների գները թանկացել են։ Յուրաքանչյուր մարդու կյանքը 2022 թվականի փետրվարի 24-ից հետո դարձել է ավելի բարդ, թանկ ու բուռն»,- ասել է Մայա Սանդուն։
Միաժամանակ նախագահն իր ելույթում նշեց, որ երկրում դեռ կան մարդիկ, ովքեր սպառնում են պատերազմով և «կեղտոտ փողերով» ապակայունացնում են իրավիճակը։
«Մոլդովայում կան խելագարներ, ովքեր նայում են, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և վայելում այնտեղ կատարվող հանցագործությունները, ովքեր տեսնում են Բախմուտում, Բուչայում, Մարիուպոլում, Խերսոնում տեղի ունեցող սարսափները և ասում, որ մերոնք մոտ են»,- ասել է Մայա Սանդուն։





























