Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը որոշել է հետաձգել ապրիլի 19-ին նախատեսված իր այցը Կանադա՝ կենսաթոշակային բարեփոխումների շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Le Figaro թերթը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին, փոխանցում է ТАСС-ը։
Ինչպես նշում է հրատարակությունը, Բորնը որոշել է «մի քանի շաբաթով հետաձգել Կանադա իր այցը՝ բողոքի ակցիաների պատճառով», - գրում է թերթը։ Ենթադրվող այցի ընթացքում, ըստ Le Figaro-ի տվյալների, Բորնը պետք է բանակցություններ վարեր կանադացի գործընկեր Ջասթին Թրյուդոյի հետ։
Ըստ թերթի՝ այցը պետք է կայանար ապրիլի 19-ին, սակայն կաբինետի ղեկավարը մոտ ապագայում «նախընտրել է չլքել Ֆրանսիան»։ Ինչպես սպասվում է, այցը «կարող է կայանալ հաջորդ ամիս»։
Կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որը կբարձրացնի Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից մինչև 64 տարեկան և կվերացնի մի շարք հատուկ կենսաթոշակային ռեժիմներ, ներկայացվել էր հունվարին: Այս նախաձեռնությունը ողջ երկրում ցույցերի ու գործադուլների պատճառ դարձավ։ Մարտի 16-ին Բորնը որոշեց ընդունել կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը՝ շրջանցելով խորհրդարանը։ Սա բողոքի ցույցերի նոր ալիք է առաջացրել։





























