Թուրքիան յոթ տարվա ընթացքում նախատեսում է արտադրել 1 միլիոն TOGG էլեկտրաքար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Յոթ տարի անց ճանապարհներին կտեսնեք մեկ միլիոն TOGG էլեկտրաքար»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ էլեկտրաքարերի պահանջարկն այժմ մեծ է։ Էրդողանը չի բացառել, որ հանդիպում կունենա պետական բանկերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու քաղաքացիներին TOGG-ի ձեռքբերման համար հատուկ վարկեր տրամադրելու հարցը:

Էրդողանն ու նրա կինը՝ Էմինեն, ապրիլի սկզբին դարձել են թուրքական արտադրության առաջին TOGG էլեկտրաքարերի առաջին սեփականատերերը։ Էրդողանից էլեկտրական մեքենաներ են նվեր ստացել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը:

Հոկտեմբերին տեղի է ունեցել թուրքական արտադրության առաջին սերիական էլեկտրամոբիլի` TOGG արտադրության գործարանի պաշտոնական բացման արարողությունը: Մոդելը թողարկվելու է երկու տարբերակով՝ սեդան եւ ամենագնաց։