Հայաստան մտնող գազատարի վրացական հատվածում վերականգնողական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «ՀայՌուսգազարդ» հայկական ընկերութան մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Նա նշել է, որ վրացական կողմի հետ մշտական կապ է պահվում: Աշխատանքների ավարտման ստույգ ժամկետները հայտնի չեն: Գազի պաշարները հնարավորություն կտան գազ մատակարարել վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի  22-ին ժամը 11:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի  նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար  ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված:

Նախատեսվում են նաեւ սողանքային հատվածի վերանորոգման եւ գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ: