«Հայ-թուրքական համաձայնագրերի մեջ Ղարաբաղի հարցը ընդհանրապես ներառված չէ եւ եթե հանկարծ այդ հարցը շոշափվի, ապա հայկական կողմը չի ստորագրի այդ արձանագրությունները»,- այս մասին հոկտեմբերի 29-ին «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը Ղարաբաղի հետ կապված դժվարին ուղի է անցել, երբեք Ղարաբաղի հարցի վերաբերյալ որեւէ նախապայման չի ընդունի։

«Զարմանալի չէ, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններում այդ հարցը միշտ առաջ կքաշի, քանի որ նրա բարձրագույն ղեկավարությունը հայտնում է, որ Թուրքիայի դրոշը Ադրբեջանինն է, իսկ Ադրբեջանինը՝ Թուրքիայինը»,- նշում է ՀՀԿ ներկայացուցիչը`ընդգծելով, որ հայ-թուրքական արձանագրությունները միմիայն բնականոն հարաբերություններ հաստատելու համար են նախատեսված, իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա այն միշտ էլ կմնա օրակարգում եւ երկար տարիներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վիճելի առարկա կհանդիսանա։

Նրա հավաստմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ի օգուտ հայ ժողովրդի է, սակայն, միաժամանակ նա նկատում է, որ մտահոգության առարկաներ նույնպես կան։

«Հնարավոր է, որ հայ-թուրքական հարաբերությունները փակուղի մտնեն։ Եթե Հայաստանը կարողանա ճեղքել իր դիվանագիտական շրջափակումը եւ միավորել սեփական ժողովրդին, ապա կարող է փրկվել»,-եզրափակեց ՀՀԿ խմբակցության անդամը։