Ռուսաստանից ներկրվող ցորենի ինքնարժեքի վրա ազդում են բարձր տրանսպորտային ծախսերը:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ցորեն ներկրող հայկական խոշորագույն ընկերություններից մեկի` «Մանանա Գրեյնի» գլխավոր տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:
Նրա խոսքով, անցած տարվա համեմատ գրեթե կրկնակի թանկացել է բեռնանավով ցորենի փոխադրումը ռուսաստանյան նավահանգիստներից մինչեւ Փոթի: «Եթե 2010-ին բեռնափոխադրման արժեքը կազմում էր տոննայի համար 17-20 դոլար, ապա այժմ սակագինը հասել է 39-40 դոլարի», – նշեց Գարեգին Նիկողոսյանը: «Նախկինում ցորենի բեռնաթափումն ու երկաթուղիով մինչեւ Հայաստանի սահման տեղափոխելն արժեր տոննան` 38-39 դոլար, այժմ 45 դոլարից մի քիչ ավելի է», – ավելացրեց Նիկողոսյանը: Սակագինը բարձրացրել են նաեւ ռուսաստանյան նավահանգիստները. Ազովում եւ Եյսկում փոխաբեռնումի սակագինը 10-ից բարձրացել է մինչեւ 19 դոլար` մեկ տոննայի համար:
Մյուս խոշոր ներկրող «Ալեքս Գրիգի» ներկայացուցիչները խուսափեցին գնահատել շուկայի ընթացիկ վիճակը:
Նկատենք, որ բարձր տրանսպորտային ծախսերը կարող են պայմանավորված լինել նաեւ Ռուսաստանում լոգիստիկ խնդիրներով: Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն, օգոստոս-սեպտեմբերին երկրում ցորենի առատությունը բարդություններ է ստեղծել`կապված երկաթուղային եւ նավահանգստային ենթակառուցվածքի սահմանափակ թողունակության հետ:
«Ռուսագրոտրանս» ընկերության ռազմավարական շուկաների վերլուծական դեպարտամենտի մարկետինգի բաժնի ղեկավար Իգոր Պավենսկին NEWS.am-ին տված մեկնաբանությունում նկատեց, որ Նովոռոսիյսկի եւ Տուապսեի, նաեւ ազովյան նավահանգիստների թողունակության զգալի մեծացման շնորհիվ ավելացել են ռուսաստանյան երկաթուղային եւ նավահանգստային ենթակառուցվածքի հնարավորությունը: Ռուսական ցորենի արտահանումն իրականացվում է նաեւ Ուկրաինայի եւ Մերձբալթիկայի նավահանգիստներով: Փորձագետի կարծիքով, ռուսաստանյան ցորենի արտահանման գնի նվազում չի սպասվում: Սեպտեմբերի առաջին տասնօրյակում չորրորդ կարգի ցորենի միջին գինը FOB պայմանով (բեռնանավի վրա) Ռուսաստանի սեւծովյան նավահանգիստներում 1 տոննայի գինը մոտ 285 դոլար էր:
2011թ. օգոստոսին ցորենի արտահանումը Ռուսաստանից ռեկորդային է եղել վերջին տարիների համար` 3,2 միլիոն տոննա: 2011-12 մարկետինգային տարում (2011թ. հուլիսից 2012թ. հուլիս) ռուսական ցորենի արտահանումը կկազմի առնվազն 18,5 միլիոն տոննա:
ԱՄՆ խոշորային բրոքերային ընկերություններից մեկի` R.J. O`Brien & Associates-ի վերլուծության հարցերով փոխնախագահ Ռիչարդ Ֆելթսը NEWS.am-ին տված մեկնաբանությունում նշեց, որ նավահանգիստներից մեկում տրանսպորտային ուշացումները սկսվել են օգոստոսի կեսից:
«Այժմ այդ ցորենը բեռնաթափվում է: Նոր կուտակումներից խուսափելու համար երկաթուղու ղեկավարությունը դանդաղեցրել է տեղափոխման տեմպերը, սակայն դա զգալի խնդիրներ չի ստեղծի ցորենի առեւտրի համար», – հայտարարեց Ֆելթսը:
Նրա կարծիքով, ռուսական ցորենի արտահանման 16 միլիոն մետրիկ տոննայի մասին կանխատեսումը, որն արել է USDA-ը դեռեւս կարելի է համարել իրատեսական: Անցած տարի արտահանումն ընդամենը 4 միլիոն տոննա էր:
Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը հայտարարել էր, որ 2011 հուլիսից մինչեւ 2012թ. հունիս Ռուսատանը կարող է արտահանել մինեւ 23 միլիոն տոննա հացահատիկ: ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Շեստակովի վերջին կանխատեսմամբ` 2011-ին հացահատիկայինների բերքը կլինի մոտ 90 միլիոն տոննա:
Ցորենի արտահանումը խթանելու համար Ռուսաստանի կառավարությունը քննարկում է երկաթուղային արտոնյալ սակագներ սահմանելու հնարավորությունը:
Գուրգեն Նիկողոսյանը նկատեց, որ սեպտեմբերի առաջին օրերին ցորենի գինը վերականգնվել է օգոստոսյան նվազումից (1 տոննան մինչեւ 220 դոլար) հետո եւ հասել է 250-270 դոլարի: Ռուսաստանյան էմբարգոյից առաջ եւ հետո տեղի ունեցած գնային տատանումների պատճառով այժմ Հայաստանում ալյուրի գինը չի համապատասխանում ցորենի ինքնարժեքին: Եթե տարեսկզբում բարձր տեսակի ալյուրի 50 կգ-ոց պարկի արժեքը 32 դոլար էր կամ 11 840 դրամ, ապա այժմ այն նվազել մինչեւ 9926 դրամ: Նիկողոսյանի կարծիքով, այդ գինը չի համապատասխանում այսօր ներկրվող ցորենի ինքնարժեքին եւ պայմանավորված է շուկայում առկա մրցակցությամբ` չբացառելով նաեւ դեմպինգային երեւույթները:



























