ՍԴՀԿ Հայաստանի կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը տեղյակ չի եղել ավանդական երեք կուսակցությունների՝ ՍԴՀԿ, ՌԱԿ եւ ՀՅԴ ղեկավարների հանդիպումից: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ինքը՝ Լյուդմիլա Սարգսյանը:

«Ոչ մի մանրամասն չեմ կարող ասել, որովհետեւ հանդիպման մասին տեղյակ չէի, բայց կարծում եմ՝ շատ նորմալ է, որ համահնչակյան կենտրոնի ատենապետը մյուս ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպել է եւ հայ-թուրքական հարցերի, Սփյուռքի հարցերի շուրջ խոսել. հնարավոր է, որ նման հարցեր են շոշափվել»,- նշեց Սարգսյանը:

Հարցին, մտավախություն չունի արդյոք, որ Հայաստանում նման քննարկում է անցկացվում, իսկ ՍԴՀԿ-ի Հայաստանի կառույցի ատենապետը տեղյակ չէ, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, համահայկական ատենապետը իրավունք ունի հանդիպել կուսակցությունների ղեկավարների հետ, հատկապես ավանդական կուսակցությունների, որոնք դրսում կառույցներ ունեն»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոյի Երեւանի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի է ունեցել ՍԴՀԿ, ՌԱԿ եւ ՀՅԴ միջկուսակցական բարձր մակարդակի հանդիպում, որին մասնակցել են Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը եւ Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Փոխադարձ ըմբռնումի մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ ընդհանրապես հայությանը հուզող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: