«Ամերիա» ընկերությունն այսուհետեւ ներկայացված է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «Ամերիաբանկ»-ից, Կալիֆորնիա նահանգում ընկերությունը գրանցվել է, որպես «Ameria Group Inc» կազմակերպություն։ Նահանգներում ընկերության հիմնական առաքելությունն է լինելու բազմակողմանի, ամբողջական եւ մասնագիտացված տեղեկությունների եւ խորհրդատվության տրամադրումը Հայաստանում ներդրումներ կամ գործարար ծրագրեր իրականացնելու նպատակներ ունեցող անձանց համար։
Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած «Ameria Group Inc» ընկերության շնորհանդեսին մասնակցել են նաեւ ԱՄՆ-ում այդ օրերին գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ հայաստանցի ու սփյուռքահայ գործարարներ ու նշանավոր գործիչներ։




























