Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգեւատրվել են ՀՀ մեդալներով եւ շքանշաններով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի պետական բարձր պարգեւների մի մասը նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Լոս Անժելեսում հայ համայնքի ընդունելության ժամանակ:
Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի եւ դրսեւորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար Ժիրայր Թրփանճեանը (ԱՄՆ) պարգեւատրվել է Պատվո շքանշանով:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն երկարամյա ծառայության, ազգային հոգեւոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՄՆ հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Սինան Սինանյանը (ԱՄՆ) պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը բերած նպաստի համար Թեւան Առուստամյանը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:




























