Սոմալեցի ծովահենները Հնդկական օվկիանոսում ձկնորսանավ են գրավել , որի վրա կարող են գտնվել 25 ռուս նավաստիներ: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: Հանցագործները նավի վրա հարձակվել են երկու արագընթաց մոտորանավակների միջոցով` Սոմալիի ափից 1000 կմ հեռավորության վրա: Նավը, որի անունը դեռեւս չի հայտարարվում, թայլանական դրոշի տակ է նավարկել, բայց կա տեղեկատվություն, որ նրա անձնակազմը բաղկացած է ռուսներից, նշված է` ծովահենությանը խոչընդոտելու համար նախատեսված «Ատալանտա» եվրոպական ռազմածովային գործողությունների կենտրոնի մամուլի հաղորդագրության մեջ:
Հիմա հարձակման տարածքը վերահսկում է եվրոպական զինծառայողների ինքնաթիռը: Զավթված նավը շարժվում է դեպի Սոմալիի ափ: Գործողության հրամանատարությունը ձգտում է պարզել, թե արդյոք Ռուսաստանի 25 քաղաքացիները գերի են ընկել, թե ոչ:
Սրա հետ մեկտեղ, նույն աղբյուրի տվյալներով, սոմալեցի յոթ ծովահեններ գերի են ընկել, ֆրանսիական ձկնորսական նավի վրա անհաջող հարձակումից հետո: Նրա խոսքով, երեքշաբթի օրը առավոտյան մի խումբ ծովահեններ գնդակոծել են ֆրանսիական ձկնորսանավը` Սոմալիի ափից 650 կմ հեռավորության վրա: Հարձակումը խոչընդոտվել է նավում գտնվող ֆրանսիացի զինծառայողների կողմից, որոնք ծովահենների ուղղությամբ հրազենով պատասխան կրակ են բացել: Ծովահենները շտապ հեռացել են դեպքի վայրից, սակայն նրանց արագորեն հետեւել է եվրոպական պարեկային ուղղաթիռը, որը օդ էր բարձրացել իսպանական «Կանարիս» ֆրեգատի տախտակամածից՝ այն բանից հետո, երբ ահազանգ էր ստացվել ֆրանսիական նավից:




























