ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը, ինչպես նաև Սպիտակ Տան, Կրեմլի եւ Բրուսելի կողմից այսօր հրապարակված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար դրույթները (մադրիդյան սկզբունքներ) իսկական հիսթերիա են առաջացրել Բաքվում։ Մի տեսակ ընդարմություն է պատել ադրբեջանական կայքերին։ Հասարակայնությանը ներկայացված փաստաթղթի նախագիծը էականորան հակասում է ադրբեջանցի լրագրողների ու փորձագետների պատկերացումներին ու երեւակայությանը, որը ձևավորվել է պետական քարոզչամեքենայի կողմից նրանց ուղեղների երկարամյա մշակման հետևանքով։
Եվս մեկ անգամ հիշեցնենք հիմնարար սկզբունքների այն կետերը, որոնք ընդգրկվելու են համակողմանի կարգավորման մասին ապագա համաձայնագրի հիմքում.
- Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը,
- Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը ուղեկցվելու է անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներով,
- Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
- Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի իրավական կարգով որոշում՝ օրինական և պարտադիր կամարտահայտման միջոցով,
- փախստականների ու հարկադիր տեղահանվածների իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունք,
- անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար գործողություն:
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, փաստաթղթում խոսք անգամ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի՝ որպես այդ երկրի մասի, վերաբերյալ։ Իսկ չէ որ հենց դա է և ոչ այլ ինչ, ադրբեջանական քաղաքական հասարակայնության առավելագույն նպատակն ու գլխավոր ֆոբիան։ Այդ երկրի նախագահի, նախարարների և պատգամավորների ոչ մի ելույթ, էլ չենք ասում լրագրողների ամենաթողության մասին, չի շրջանցել Լեռնային Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանի անքակտելի մասի վերաբերյալ ինքնավստահ ու անզիջում թեզերը։ Իսկ ինչ է գրված փաստաթղթում… «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում իրավական կարգով օրինական ու պարտադիր կամարտահայտման միջոցով»։
Ամենայն հավանականությամբ, քարոզչամեքենան հարկ կլինի շրջել 180 աստիճանով եւ հիմա արդեն հրամցնել ընթերցողին այնպիսի ստահոդ պատմություններ, թե արդեն հանրաքվեի անցկացման ժամանակ կատարված կլինի սկզբունքների նախավերջին՝ «փախստականների եւ հարկադիր տեղահանվածների վերադարձի իրավունք իրենց նախկին բնակության վայրեր» կետը։ Բայց այստեղ էլ բան դուրս չեկավ… Փստաթղթում չկա ոչ մի խոսք այն մասին, որ այդ փախստականները պետք է բացառապես ադրբեջանցիներ լինեն։ Փաստաթղթի պահանջները վերաբերում են նաև հայ փախստականներին, օրինակ՝ Բաքվից։ Սակայն, եթե նույնիսկ դա էլ չլիներ… Հույս դնել այն բանի վրա, որ հայկական կողմը կթողնի Ղարաբաղ մտնեն այնքան ադրբեջանցիներ, որքան կբավարարի, որպեսզի փոխվեն ենթադրվող հանրաքվեի արդյունքները՝ մաքուր պատրանք է։ Նույն հաջողությամբ կարելի է Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի իշխանություններից սպասել, էլ չեմ խոսում թուրքական Կիպրոսի մասին, որ նրանք հանկարծ կհամաձայնեն երկիր հետ թողնել տասնյակ հազարավոր սերբերի, վրացիների ու հույների, եւ հետո արդեն անցկացնեն նոր հանրաքվե ու հանձնվեն հաղթողների գթասրտությանը։
Ըստ փաստաթղթի, Ադրբեջանը ստանում է այն, ինչ կարող էր ստանալ որպես հնարավոր առավելագույն զիջում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա 5 շրջանները։ Լաչինը, ինչպես դա բխում է 3 կետից, մնում է հայկական վերահսկողության տակ։ ԼՂՀ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ եւ սպասում հանրաքվեի՝ միջազգային խաղաղապահ ուժերի հսկողության ներքո, որոնք, ըստ վերջին կետի, խաղաղարար գործողության շրջանակներում կփոխարինեն հայկական բանակի ստորաբաժանումներին։ Ակնհայտ է, որ 15-ամյա խաղաղությունը տարածաշրջանում պահպանվել է հենց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և Հայաստանի ԶՈՒ խաղաղարար գործողության շնորհիվ։
Իսկ ի՞նչ են ասում ադրբեջանական մեր ընդդիմախոսները։ Ահա թե ինչ…
«Երեք քրիստոնյա երկրներ (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) բացահայտ աջակցում են Հայաստանին, ամեն կերպ օգնում են նրան իր զավթողական նկրտումների իրագործման հարցում եւ փորձում են Ադրբեջանին շեղել դեպի մի խաղաղություն, որը կարելի է համարել որպես պարտություն։ Նրանց առաջարկած տարբերակով նախատեսվում է տարածաշրջանում տեղակայել միջազգային խաղաղարար ուժեր՝ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի պահպանման նպատակով»։ Այսպիսի եզրակացության է հանգել այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» տխրահռչակ ղեկավար Ակիֆ Նագին։
Ինչեւէ, հասկանալի է Նագիի վշտանալու պատճառը… Իրականությունը սառը ցնցուղ դարձավ նրա համար։ Բայց ոչինչ, երբեմն-երբեմն հարկավոր է նաև թարմանալ…



























