ԱՄՆ իշխանությունները խոստովանում են, որ Վրաստանի ու Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը կտեւի տարիներ: Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոուն՝ հանդես գալով ԵԱՀԿ-ի հանդեպ ԱՄՆ նախագահի աշխատակազմի քաղաքականությանը նվիրված լսումների ժամանակ:

Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ կոնգրեսին կից գործող Եվրոպայի անվտանգության ու համագործակցության հարցերով զբաղվող երկկուսակցական հանձնաժողովում:

Սենատոր Սեմ Բրաունբեկի հարցին, թե որո՞նք են ժամկետները, երբ հնարավոր կլինի Վրաստանին ու Ուկրաինային տեսնել ՆԱՏՕ-ի կազմում, Վերշբոուն պատասխանել է. «Հստակեցնել այդ գրաֆիկը ահավոր բարդ է»: Նա հավելել է, որ խոսքը գնում է տարիների մասին: