Հայաստանը Թուրքիայի հետ չի քննարկում ղարաբաղյան հակամարտության խնդիրը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով իր թուրք գործընկերոջ այն հայտարարությունը, թե այսուհետ Թուրքիան սերտորեն մասնակցելու է ԵԱՀԿ մինսկի խմբի աշխատանքներին։ Տիգրան Բալայանի խոսքով, Հայաստանի դիրքորոշումը հստակ է, եւ բազմից բարձրաձայնվել է այդ մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը՝ վկայակոչելով եվրոպացի բարձրաստիճան մի դիվանագետի, Վիեննայում երկու տարին մեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի 11 երկրների դեսպանների հանդիպում է լինում։ «Այդ անգամ թուրքական կողմը դիմել էր Վիեննայում իր դեսպանին փոխնախարար Չեվիքոզով փոխելու խնդրանքով, ով այդ օրը գտնվել էր այդ քաղաքում»,- պատմել է դիվանագետը՝ հավելելով, որ այն ոչ մի կերպ կապված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ունեցած դիրքորոշմանը եւ աշխատանքերին։ «Ընդհակառակը՝ միջնորդները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Թուրքիան չի մասնակցում եւ չի մասնակցելու Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այսինք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին»։




























