Վերջերս Միլանի դատախազության հրապարակած` Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սիրուհիների 32 հոգանոց ցանկում է նաեւ ուկրաինուհի մոդել Մարիաննա Յուշչակը: Քննիչների տվյալներով, Լվովի բնակչուհի, 24-ամյա Մարիաննան մասնակցել է Բեռլուսկոնիի վիլլայում կազմակերպված սկանդալային «բունգա-բունգա» ոճի երեկոներին:

Իտալիայի վարչապետի սիրուհու նախկին ուսուցիչները «Կոմսոմոլսկայա պրավդա վ Ուկրաինե» թերթին տված հարցազրույցում, մեկնաբանելով Յուշչակի մասին այդ խոսակցությունները, ուրախություն են հայտնել, որ նա «նման արժանի տղամարդ է գտել»:

«Լավ է, որ նա կարողացել է այդպես հաջող տեղավորվել: Սիլվիո Բեռլուսկոնին ակնհայտորեն լավ ճաշակ ունի, որ ընտրել է մեր Մարիաննային»,- ասել է ուսուցչուհիներից մեկը:

Յուշչակի մասնակցությունը «բունգա-բունգա» երեկոներին ապացուցվել է, երբ քննիչներն ուսումնասիրել են նրա հեռախոսային խոսակցությունները օրգիաների մասնակից այլ աղջիկների հետ: Մարիաննայի հեռախոսը լսվել է մի քանի ամիս շարունակ:

Իտալական «Novella 2000» ամսագրի տվյալներով, մասնավորապես, Մարիաննան մի անգամ աղջիկներից մեկին հայտնել է. «Բեռլուսկոնին ինձ ասաց, որ մենք կփորձենք հանդիպել: Բոլոր դեպքերում նա ասաց. «Վաղը ես Միլանում եմ, եթե կուզես, արի»: Ես էլ ասացի նրան, որ սպասում եմ հանդիպմանը եւ կփորձեմ գալ»,-հաղորդում է NEWSru.com-ը:

Ինչպես հայտնի է, ներկայումս Բեռլուսկոնիի դեմ 4 դատական գործ է հարուցվել. մեկը բրիտանացի փաստաբան Դեւիդ Միլսին կեղծ ցուցմունքներ տալու համար կաշառելու, 2-ը` ֆինանսական մեքենայությունների եւ մեկը` անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու համար: