Կիպրոսի ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիվ, արքեպիսկոպոս Խրիզոստոմ Բ-ն Վրաստան այցելության ընթացքում, կոչ է արել Վրաց պատրիարք Իլյա Բ-ին ամեն հնարավոր ձեւերով աջակցել կիպրոսցի հույներին, այդ թվում օգտագործելով իրենց ազդեցությունը միջազգային ասպարեզում, հաղորդում է «Գռուզիա Online»-ը` վկայակոչելով Famagusta Gazette-ը:
Արքեպիսկոպոսի խոսքով, «այսօր ավելի քան 500 ուղղափառ վանքեր եւ մենաստաններ կան թուրքերի կողմից օկուպացված տարածքներում, որոնք գտնվում են ողբալի վիճակում»:
«Այդ եկեղեցիներից ու վանքերից մի քանիսը ավերվել են, մյուսները դարձել են մզկիթներ, երրորդները` գիշերային ակումբներ, զինվորական ճամբարներ եւ անգամ ձիանոցներ: մեր սրբապատկերները եւ եկեղեցական գույքը վաճառվել է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում»,- ասել է նա:
Կիպրոսի ուղղափառ եկեղեցին բազմիցս պահանջել է թուրքական անօրիանակն ռեժիմից թույլ տալ վերականգնել այդ եկեղեցիներն ու վանքերը, սակայն դեռ ոչ մի պատասխան չենք ստացել, ասել է արքեպիսկոպոս Խրիզոստոմը
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Կիպրոս են ներխուժել 1974-ին եւ գրավել կղզու 37 տոկոսը: Թուրքիան, ըստ էության, «էթնիկ զտումներ» է իրականացնում կղզում, ուղղափառ բնակչությանը արտաքսելով իրենց տներից ու այնտեղ բնակեցնելով էթնիկ թուրքերի Անատոլիայից, այդկերպ փոփոխելով Կիպրոսի ժողովրդագրական պատկերը:



























