Ռուսաստանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ այդ գործընթացը գնալով ավելի է լարում Անկարայի եւ Բաքվի հարաբերությունները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ամերիկյան STRATFOR հետախուզավերլուծական կենտրոնի փորձագետ Մարկո Փեփիկը։

Խոսելով այն մասին, թե ինչպես են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ազդում Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների զարգացման վրա, փորձագետը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանին ձեռք է տալիս Բաքվի ու Անկարայի հարաբերությունների վատացումը։ Մինչդեռ ԱՄՆ-ը այս բանակցություններին չի առնչվում, ասել է ամերիկացի փորձագետը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Մարկո Փեփիկն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները բացարձակապես տարբեր են եւ իրենց չի հաջողվել դրանք մերձեցնել։

Միացյալ Նահանգների նախագահը ղարաբաղյան հակամարտության կարգավորման այդքան հնարավորություններ չունի։ Բացի այդ, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի տարբերությունն այս հարցում այն է, որ ԱՄՆ-ը ջանում է չմիջամտել , մինչդեռ Ռուսաստանն օգտագործում է հակամարտությունը թե Ադրբեջանի, եւ թե Հայաստանի համար անփոխարնելի դառնալու նպատակով։ Սա Ռուսաստանի համար ամենաձեռնտու վիճակն է, եզրակացրել է փորձագետը։

Բացի այդ, խոսելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մոսկվա այցի մասին, փորձագետը կասկածել է, թե արդյոք իրականում այդ այցը նոր սկիզբ դրե՞ց երկու երկրնրի հարաբերություններում, թե՞ ոչ։ Որովհետեւ այդպես էլ համաձայնություն ձեռք չբերվեց այնպիսի կարեւոր հարցում, ինչպես Լեհաստանում եւ Չեխիայում հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումն էր։