Չինաստանի հետ տնտեսական կապերի խզումն իրատեսական չէ, ասել է Mercedes-Benz լյուքս դասի ավտոարտադրող Daimler կոնցեռնի գործադիր տնօրեն Օլա Կալենիուսը Bild am Sonntag թերթին եւ նշել, որ այդ անելու փորձը սպառնալիքի տակ կդնի գերմանական արդյունաբերության մեծ մասը։

Եվրոպան փորձում է նվազեցնել իր կախումը Չինաստանից, քանի որ համավարակը եւ ուկրաինական ճգնաժամն ընդգծել են գերիշխող մատակարարներից կախման վտանգը եւ  մատակարարումների փուխր շղթան։

Բայց Օլա Կալենիուսի կարծիքով՝ աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսությունից՝ Չինաստանից առանձնանալը «անիմաստ կլիներ ամբողջ գերմանական արդյունաբերության համար»։

«Համաշխարհային տնտեսության հիմնական խաղացողները՝ Եվրոպան, ԱՄՆ-ն եւ Չինաստանն այնքան սերտորեն են միահյուսված, որ Չինաստանից առանձնանալը իմաստ չունի»,- ասել է նա։

Գերմանական ավտոարտադրողները կախված են ավտոմեքենաների աշխարհում ամենամեծ՝ չինական շուկայից, եւ Mercedes-Benz-ը չինական Beijing Automotive Group Co Ltd ընկերությանը եւ Geely-ի վարչության նախագահ Լի Շուֆուին համարում է իր երկու գլխավոր բաժնետերերը։

Չինաստանին բաժին է ընկնում 2022թ. հասույթի 18 եւ Mercedes-Benz մեքենաների վաճառքի 37 տոկոսը, եւ Կալենիուսը կանխատեսել է, որ ապագայում դրանք ավելի շատ կլինեն։

«Մեր վաճառքների ցուցանիշները Չինաստանում ավելանում են, եւ ես բավական լավատեսորեն եմ տրամադրված այն հարցում, որ մենք նույնպես առաջ ենք գնալու այս տարի։ Ավելի հարուստ չինացիները տնտեսական հրաշքի տարիներին հասել են անասելի խնայողությունների,- ասել է Կալենիուսը։- Այդ գնողունակությունը պետք է օգտակար լինի մեզ»։