Երեւանում կառուցվող շենքերի որակը տարեցտարի բարելավվում է, սակայն դեռեւս կան թերություններ, իսկ սեյսմակայունությունը բավարար համարել չի կարելի: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց շինանյութերի փորձարկում եւ սերտիֆիկացում իրականացնող ընկերության` «Փ. Աբաջյան» ՍՊԸ-ի տնօրեն Փիրուզա Աբաջյանը: Ի դեպ` նա ծնունդով Գյումրիից է, եւ իր խոսքով` լավ է հասկանում, թե շինարարության որակը մեր երկրում որքան կարեւոր է:
Ըստ Փ. Աբաջյանի` կառուցապատողները լուրջ կադրային խնդիրներ ունեն: Նա նաեւ դժգոհություն հայտնեց, որ 2 տարի առաջ պարտադիր փորձարկման ենթակա շինանյութերի քանակը նվազեցվել է, այն վերաբերում է միայն բետոնին եւ երկաթբետոնին: Սակայն, ըստ նրա, որոշ կառուցապատողներ բավական լուրջ են վերաբերում փորձարկումներին, եւ կամավոր սկզբունքով այլ շինանյութեր եւս ենթարկում են փորձարկման, կամ էլ իրականացնում են բետոնի ամենօրյա փորձարկում:
«Փ. Աբաջյան» ընկերությունը 2011 թ. Կիեւում արժանացել է Top Ten Award մրցանակին` որակի վերահսկողության համար:




























