Թուրքիայի Մալաթիա քաղաքի պատմական հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին կվերանորոգվի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը։
Թուրքիայի Մալաթիա քաղաքի 250-ամյա պատմություն ունեցող հայկական Թաշհորոն եկեղեցին որոշել է վերանորոգել թուրքական մզկիթներ վերանորոգող եւ պահպանող «Չարմուզու Թեփեբաշը» միությունը։
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 100-ամյա լարվածությանը վերջ դնող ստորագրված արձանագրություններից հետո՝ Մալաթիայում սպանված հայազգի հայտնի հրապարակախոս եւ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր՝ Հրանտ Դինքի թաղամասում գտնվող Թաշհորոն (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղեցին կվերանորոգվի։ Մզկիթներ կառուցող եւ պահպանող միության նախագահ Լաթիֆ Յլդրըմը նշել է, որ անցյալ տարի կառավարության, Մշակույթի նախարարության եւ հայ գործարարների հետ նամակագրական կապի մեջ է եղել։ Եկեղեցու վերականգնումը մտցվել է Մշակույթի նախարարության ծրագրերի մեջ, սակայն ֆինանսական դժվարությունների հետեւանքով չի իրականացվել։ Այդ պատճառով հայկական եկեղեցու վերականգնման ծախսերը իր վրա կվերցնի մզկիթներ կառուցող միությունը։ Միության նախագահը նշում է, որ այդ նախաձեռնությունը կկոչվի խաղաղության նախագիծ։ Միության նախագահը կարծում է, որ իրենք այդ նախաձեռնության մեջ ֆինանսական դժվարություններ չեն ունենա։
Թուրքիայի հայոց պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը նշել է, որ Թաշհորոն (Սուրբ Երրորդություն) եկեղեցին մշակույթային ժառանգություն է։ Աթեշյանը հիշեցրել է, որ այս եկեղեցու պես շատ եկեղեցիներ կան, որոնք վերականգնման կարիք ունեն։




























