1996թ. հուլիսին հայ հասարակությունը ցնցվեց բժշկական ինստիտուտի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի ահավոր սպանությունից։ Դատարանի որոշմամբ՝ 1996թ. վերջին սպանվածի համակուրսեցի Մհեր Ենոքյանը եւ նրա ընկերը՝ Արամ Հարությունյանը, մեղավոր ճանաչվեցին եւ դատապարտվեցին՝ Հարությունյանը 15 տարվա ազատազրկման, Ենոքյանը, որպես սպանության կազմակերպիչ, գնդակահարության։ Գործի նյութերի համաձայն՝ հանցակիցները մանրակրկիտ պատրաստվել էին սպանությանը, հանցագործությունը կատարելուց հետո թաքցրել էին մարմինը՝ հույս ունենալով սպանվածի ծնողներից պահանջել 20 հազար դոլար։ Հայաստանում մահապատժի մորատորիումից հետո Ենոքյանի պատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ Ի տարբերություն 15 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Հարությունյանի՝ Ենոքյանը ոչ դատավարության ընթացքում, ոչ հետո իր մեղքը չի ընդունել եւ չի զղջացել։ Նա երկու անգամ փախել է կալանավայրից (2004 եւ 2009թթ.)։ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Ենոքյանն ակտիվորեն փորձում է հասնել պայմանական վաղաժամկետ ազատման եւ արդեն հասել է նրան, որ քրեակատարողական հիմնարկից անցել է ազատ ռեժիմի։ Հիմնականում կնոջ ջանքերի շնորհիվ, որը զբաղեցնում է Պետական վերահսկիչ ծառայության մամուլի քարտուղարի պաշտոնը։ Հարությունյանի ազատվելուց հետո Ենոքյանը փորձում է ամբողջ մեղքը բարդել հանցակցի վրա եւ այդ կերպ հասնել ազատման։ Այժմ Ենոքյանի միջնորդությունը դատարանում է։ Աջափնյակի առաջին ատյանի դատարանում կշարունակվի Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման հարցի դիտարկումը։ Այս առնչությամբ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է սպանվածի հոր՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, Բժկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Միխայիլ Իոսիֆի Աղաջանովի հետ։
Ավելի վաղ NEWS.am-ը զրուցել էր Իոսիֆի քրոջ՝ Ելենա Աղաջանովայի հետ։
Հիմա դատարանում լսվում է վաղաժամկետ ազատման հարցը։ Ի՞նչ եք Դուք սպասում դատարանից։
Դատական համակարգից, իհարկե, արդարություն ենք սպասում։ Չնայած, գուցե, ես, որպես տուժած կողմ, ինչ-որ առումով անաչառ լինել չեմ կարող, բայց, հավանաբար, կյանքն այնպես է դասավորված, որ երբ մարդն իր վրա զգում է ճակատագրի հարվածը, ավելի շատ է մտածում այն մասին, թե ինչ է արդարությունը։ Մարդը, որը դատապարտվել է մահապատժի, դեպքի բերումով հաջողել է խուսափել դրանից. մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ Բանտում եղած ժամանակ նա երկու անգամ փախել է, ինչը շատ լուրջ խախտում է համարվում։ Ես հիշում եմ այն օրերը, երբ ամբողջ հանրապետությունը խիստ հուզված էր, ոստիկանները քաղաքում ավտոմատներով էին շրջում, նրան էին փնտրում։ Անգամ մեր տուն են եկել, մտածում էին, որ մենք նրա պատանդը կարող ենք լինել։
Այս ամբողջ ժամանակ նրանք փորձում էին ապացուցել իրենց անմեղությունը՝ օգտագործելով իրենց հասանելի ամեն հնարավոր միջոց։ Հետո, հավանաբար նորից բախտի բերմամբ, եւ շնորհիվ մեր որոշ իրավաբան գործիչների «խորաթափանցության», մշակվեց ցմահ դատապարտյալների վարքի աստիճանացված գնահատման համակարգ, որը, անկախ նրանց պատմությունից, հանցավորության աստիճանից եւ անգամ բանտում նախկին վարքից, հնարավորություն է տալիս հավաքել միավորների համապատասխան քանակություն եւ հավակնել վաղաժամկետ ազատման, ընդ որում՝ համարյա թե ամենակարեւոր նշանակությունն է ունենում նրանց հասարակական ակտիվությունը։ Այս փաստը, ես կարծում եմ, ճիշտ չէ։ Հանցագործության նման գնահատականի նախադեպը չի կարող ճիշտ լինել, եւ չի կարող նպաստել պետության դեմոկրատական հիմքերի հաստատմանն ու ընդհանուր առմամբ՝ հանրապետությունում պետական իշխանության համակարգի աջակցմանը։ Այդպիսի մարդիկ, ազատության մեջ լինելով, բացառիկ վտանգավոր են դառնում։ Ես չեմ հավատում, որ ասում են, թե, իբր, բանտն ուղղում է մարդկանց։ Հեքիաթ է։ Որովհետեւ բանտում կարող են իրենց վարքը գիտակցել այն մարդիկ, որոնք պատահաբար են հայտնվել այնտեղ, եւ որոնք գիտակցում են այն, թե ինչ են արել։ Այդ տեսակի մարդիկ, ինչպես այս հանցագործն է, չկան։ Ըստ իս, նա մինչեւ վերջ չի գիտակցել կատարածը։ Նա իր պահվածքով ցույց է տալիս, որ չի գիտակցել... Նման մարդիկ դառնում են ավելի «որակավորված» իրենց հանցավոր գործունեության առումով։ Նրանք բավականաչափ ժամանակ ունեն, որպեսզի գիտակցեն, թե ինչպես կազմակերպեն իրենց կյանքը հետագայում, որպեսզի հասնեն այն նպատակներին, որոնք դրել են իրենց առջեւ։ Իսկ նրանք դրել են ուրիշների դժբախտության վրա վաստակելու նպատակ։ Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Նա հիմա արդեն բավական ազատ ռեժիմի մեջ է։ Համենայն դեպս, ինձ ասել են, որ նրան տեսել են Վերնիսաժում, որտեղ ինչ-որ բան էր վաճառում։ Բնականաբար, նա իր շուրջ հավաքում է մարդկանց զանգված, որոնք մտածում են այնպես, ինչպես ինքը։ Ազատություն ստանալով եւ ամեն տեղ հասանելիության հնարավորություն ունենալով՝ նա կգնա հանրային վայրեր, դպրոցներ, համալսարաններ, եւ կպատմի, թե ինչպես են իրեն «անարժանորեն ձերբակալել», ինչպես է «անարժանորեն» այդքան տարի տառապել, ինչի միջով է անցել, եւ ինչպես պետք է պահել իրեն։ Նեղացածները շատ են, եւ նման մարդիկ կմիավորվեն նրա շուրջ։ Ես չեմ զարմանա, որ անցնի մի քանի տարի, եւ նա կարողանա հավաքել հետեւորդների մի ինչ-որ խումբ, եւ ի վերջո ստեղծել մի ինչ-որ կուսակցություն։ Դա հիմա շատ ընդունված է Հայաստանում... Ինչը նրան հնարավորություն կտա առաջադրվել Ազգային ժողովի պատգամավոր, լինել պատգամավոր, իսկ այնտեղից էլ մեզ եւ բոլոր քաղաքացիներին սովորեցնել, թե ինչպես պետք է ապրել։ Հետո հանրապետության ղեկավարությունը կարող է վերցնել ու մտածել. վայ, էս ոնց ենք մենք նման սրիկային բաց թողել։ Սա միանգամայն իրական է նման տեսակի մարդկանց համար։
Առայժմ վերջնական որոշումը կայացված չէ։ Բայց ես կարծում եմ, որ դատական իշխանությունը, որը մշտապես ենթարկվում է ինչ-որ բարեփոխումների, կատարելագործումների, կկարողանա համապատասխան կերպով, չտրվելով որեւէ կեղծ-գովազդային հնարքի նրա կողմից, ըստ արժանվույն գնահատել այսպիսի հանցագործին ազատություն տրամադրելու ողջ վտանգավորությունը։ Նման մարդը, ազատության մեջ հայտնվելով, կփորձի հանրայնորեն վերականգնվել եւ ապացուցել մարդկանց, որ մեր հասարակության լիարժեք, լիիրավ անդամն է։ Նման մարդը պետք է ամբողջ կյանքում կրի հանցագործի, մարդասպանի խարանը, որտեղ էլ որ ապրի։ Այլապես, սա դաս չի լինի պոտենցիալ այլ հանցագործների հանար, որոնք կան ցանկացած հասարակությունում։
Կարո՞ղ է արդյոք բավական երիտասարդ տարիքում սպանություն, բայց միտումնավոր, մանրակրկիտ ծրագրված սպանություն կատարածը տարիների ընթացքում փոխվել դրական առումով։
Ժամանակին, իսկ դա 1996 թվականին էր, կատարվածը հանրապետությունում մեծ աղմուկ բարձրացրեց։ Հանրապետության ողջ երիտասարդությունը ոտքի կանգնեց, բոլոր բուհերը ոտքի կանգնեցին, ստորագրություններ հավաքեցին՝ մահապատիժ պահանջելով։ Հանրապետության ղեկավարությունը չէր կարող այլ կերպ մոտենալ, քանի որ հանրային պայթյուն տեղի կունենար։ Նման բան ոչ ոք երբեք չէր սպասում, որպեսզի խմբակիցդ, մարդ, որի հետ օրական 5-6 ժամ ես անցկացնում, քեզ կարող է օգտագործել, որ քեզանից բան պոկի։ Խելքից դուրս բան է... Ինչպես էին նրանք դա մտածել։ Ընդ որում՝ նա մինչեւ վերջ հրաժարվում էր, իսկ երկրորդը, որին ստիպել էր մասնակցել, ամեն ինչ պատմեց դատարանում, թե ինչպես է եղել...
Ավելի քան 20 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունն այժմ հիշում են բնավ ոչ բոլորը, իսկ երիտասարդությունն՝ առավել եւս։ Այդ հանգամանքը կարո՞ղ է ձեռնտու լինել վերականգնվելու նրա փորձերին, ապացուցելու, որ դատարանն այն ժամանակ սխալվել է։
Այո, այդ մասին գիտեն մեր ընտանիքին մոտ մարդիկ։ Հիմնական զանգվածը չգիտի։ Ես չէ՞ որ իմ ուսանողներին չեմ պատմի... չնայած գուցե շատերը ինչ-որ բան լսել են։ Բայց ես փորձում եմ անտեղյակ երիտասարդությանն այս թեմայի մասին չպատմել։ Մամուլում այդ մասին գրեթե ոչինչ չկա։ Նա, իհարկե, փորձում է «մաքրել» իրեն։ Դատարանի նիստերից մեկի ժամանակ փորձ արվեց ապացուցել նրա «անմեղությունը», ինչին ի պատասխան դատավորն ընդհատեց՝ հիշեցնելով, որ կա դատարանի որոշումը, եւ մեղավորությունը չի քննարկվում։ Դա ապացուցված փաստ է։ Այո, ես համոզված եմ, որ ազատության մեջ հայտնվելով՝ նա կփորձի վերականգնել իր հեղինակությունը հասարակության աչքում, որը, մանրամասների մեջ չխորանալով, կասի՝ «այո, նա, ի դեպ, 26 տարի նստել է, 6-ը՝ երկակի փախուստի համար, եւ տեսեք, թե ինչ խելացի բաներ է ասում, պետք է նրան հնարավորություն տալ, պետք է նրան ամբիոն տալ»։ Նա այդ ամբիոնը կօգտագործի՝ թելադրելու համար հասարակությանը, թե ոնց ապրի այսուհետեւ։ Եվ դա անպայման կհանգեցնի եւս մեկ մեծ դժբախտության։
Մարիամ Լեւինա




























