Համաշխարհային ուղեւորատար ավիափոխադրումների ծավալը մարտին տարեկան կտրվածքով աճել է 52,4 տոկոսով։ Այս մասին ասվում է օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) մամուլի հաղորդագրության մեջ:
Միեւնույն ժամանակ, միջազգային ուղեւորափոխադրումների ծավալը մարտին աճել է տարեկան 68,9 տոկոսով, ներքին փոխադրումները՝ 34,1 տոկոսով։
Ասոցիացիայի տվյալներով՝ տարեկան կտրվածքով ամենաուժեղ աճը գրանցվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (+158,9 տոկոս) եւ Աֆրիկայում (+66,1 տոկոս): Նկատելի աճ է գրանցվել Մերձավոր Արեւելքում (+40,4 տոկոս) եւ Եվրոպայում (+37 տոկոս): Մի փոքր ավելի թույլ աճ է գրանցվել Հյուսիսային (+16,9 տոկոս) եւ Լատինական Ամերիկայում (+19,9 տոկոս):
«Օրացուցային տարվա առաջին եռամսյակն ավարտվել է ավիափոխադրումների պահանջարկի ուժեղ նոտայով...Դա տեղի է ունեցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի փոխադրողների պահանջարկի գրեթե եռակի աճի շնորհիվ՝ կապված Չինաստանի աշխատանքի վերսկսման հետ։ Կարեւոր է, որ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթների տոմսերի վաճառքը տալիս է բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ վստահ աճը կշարունակվի նաեւ Հյուսիսային կիսագնդում ճանապարհորդությունների ամառային սեզոնի գագաթնակետին»,-ասվում է IATA-ի գլխավոր տնօրեն Վիլի Ուոլշի հայտարարության մեջ։





























