Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի, 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում որոշ քաղաքացիներ դժգոհություն են ներկայացրել բնակարանների ձեռքբերման, ինչպես նաև 1քմ հաշվարկով արված գնառաջարկից: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգվարական խորհրդակցության ժամանակ:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Նաև բարձրաձայնենք, թե ինչի մասին է խոսքը: 1 ք/մ-ի համար 402 հազար դրամ ենք տալիս: Հա, իհարկե, Երևան քաղաքի կենտրոնում բնակարան չես գնի այդ գնով, բայց 402 հազար դրամ 1ք/մ-ի համար Երևանում հնարավոր է բնակարան գնել և կարծում եմ այն բավականին ռացիոնալ թիվ է:

Մենք խոսում ենք 4-րդ կարգի վթարային շենքի մասին, որը պոտենցյալ երկրաշարժից կարող է փլվել: Գիտակցում ենք մեր պատասխանատվությունն այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու հարցում, չնայած այդտեղ ուղիղ պարտավորություն Երևանի քաղաքապետարանը չունի, բայց գիտակցելով, հասկանալով քաղաքացիների անվտանգության խնդիրը, գնում ենք լուծման և Երևան քաղաքը բնակիչներին գնման վկայականներ է տալիս: Խնդրում եմ համապատասխան վերաբերմունք ունենալ նաև Երևանի քաղաքապետարանի նկատմամբ, որովհետև, մենք, կոպիտ ասած՝ միայնակ փրկողի դերում չենք կարող լինել, պետք է լինի համագործակցություն»:

Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանն իր հերթին հայտնեց, որ հանրակացարանային շենքեր են և այնտեղ բնակարանները 18-30 ք/մ է բայց պայմանավորվել են, որ ավել ք/մ-ներ  են հաշվարկելու և տալու:

Ավինյանը հիշեցրեց, որ բնակիչների հետ հանդիպման ժամանակ տեղում պայմանավորվել են, որ ավել ք/մ են գրելու, 402 հազար դրամ են սահմանելու դրանցից յուրաքանչյուրի համար և կառուցապատողներ են գտնելու:

«Խնդրում եմ, պարոն Մաչյան ջան, ինձ ցանկ տաք՝ կոնկրետ անձանց և նրանց խնդիրների,  որովհետև արդեն, ոնց որ, սկսում են չհասկանալ: Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ»,-հայտարարեց Տիգրան  Ավինյան և հավելեց. «Երբ գործողություն է արվում 4-րդ աստիճանի վթարային շենքերի քաղաքացիների խնդիրների լուծման համար, այն չպետք է ընկալվի, որ լոտո ենք շահել, ճնայած՝ շահել ենք, բայց էդ էլ չափի մեջ, խնդրում եմ»: