Թուրքիայում շարունակվում են հանձնված եւ ազատ արձակված 34 քուրդ զինյալների դեմ բողոքները։ Իրենց «թուրք ձախեր» անվանող խումբը ընդդեմ ազատ արձակված քրդերի օգտագործել էր «Քրդական հարց չկա, քրդական զավթում կա» կարգախոսը, հայտնում է թուրքական Radikal-ը։
«Թուրք ձախեր» խմբի կողմից հոկտեմբերի 25-ին կազմակերպված բողոքի ակցիայում օգտագործում էր «Բոլորին կախելու ենք» կարգախոսը, որը արդեն տեղափոխվել է «Թուրք ձախեր» ամսագրի առաջին էջ։ Այդ ամսագրի առաջին էջում պատկերված է արյունոտ պարան եւ գրված է հետեւյալը՝ ուղղված քրդերին եւ ոչ միայն՝ «Լեռներ բարձրացողներին եւ լեռներից իջեցնողներին էլ կախելու ենք»։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի կոչով Հյուսիսային Իրաքից Թուրքիա էին վերադարձել եւ իրավապահներին հանձնվել 34 քուրդ զինյալներ։ Որոնք բոլորն էլ ազատ էին արձակվել։ Այնուհետ պետք է 15 հոգանոց քուրդ զինյալների մի խումբ էլ գար Եվրոպայից, սակայն Թուրքիայում սկսված բողոքի ալիքները ստիպեցին իշխանություններին հետաձգել Եվրոպայից եկողների ընդունումը։ Հիմնական բողոքողները քուրդ զինյալների հետ բախումների ժամանակ զոհված թուրք զինվորականների հարազատներն են։




























