Թուրքիայի նախագահի թեկնածու, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ցանկանում է երկրի արտաքին քաղաքականությունը «180 աստիճանով» շրջել եւ «իրական ժողովրդավարություն» բերել Թուրքիա։ Deutsche Welle-ին տված հարցազրույցում նա նշել է, որ իր նախագահության օրոք երկիրը «կշրջվի դեպի Արեւմուտք»։
«Մենք կշրջենք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով։ Մենք մեր երկիր կբերենք Եվրամիության սահմանած բոլոր ժողովրդավարական կանոնները»,- ասել է նա։ Նա ընդգծել է, որ փոփոխությունները կտեսնեն ոչ միայն Թուրքիայում, այլեւ ամբողջ աշխարհում։
Քըլըչդարօղլուն նաեւ ասել է, որ ցանկանում է վերակենդանացնել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու սառեցված հայտը։ «Մենք կշրջվենք դեպի Արեւմուտք եւ արեւմտյան քաղաքակրթություն», -ասել է քաղաքական գործիչը։ Միաժամանակ նա նշել է, որ կցանկանար լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վստահություն էր հայտնել, որ Թուրքիայի քաղաքացիները պետության ղեկավարի ընտրության հարցում հույսը դնելու են «անատոլիական իմաստության» վրա, այլ ոչ թե նրա վրա,ինչ «արեւմտյան տերությունները» շշնջում են իրենց ականջներին։
Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։
Bloomberg-ը գրել էր, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ցանկանում են, որ Թուրքիան վերականգնի իր պատմական դաշինքը Արեւմուտքի հետ։ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն ասել է, որ արեւմտյան մամուլը ԱՄՆ-ի ծրագիրը իրագործելու համար մանիպուլյացիաներ է կազմակերպում Թուրքիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված։





























