Պետությունների հարաբերություններն ամբողջական չեն, եթե չունեն տնտեսական բաղկացուցիչներ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Ֆրանսիայի ձեռնարկությունների միության (MEDEF) ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Պետության ղեկավարը նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն, իսկ երկրների բարեկամությունը հիմնված է մշակութային եւ հոգեւոր ընդհանրությունների վրա: Ընդհանրություններն այնքան խորն են, որ աշխարհագրական դիրքը չի խոչընդոտում բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, որոնք ձեւավորվել են մեկ դար առաջ: Տնտեսական ոլորտում համագործակցությունը ունի խորը պատմական արմատներ:
Նախագահը հիշեցրել է, որ դեռեւս 19-րդ դարում ֆրանսիական մասնագետները պղնձե հանքեր են փնտրել Ալավերդիում, իսկ ֆրանսիացի ճանապարհային ինժեներները ներդրում են ունեցել Հայաստանում երկաթուղու կառուցման գործում: Հայերը եւս ներդրում են ունեցել ֆրանսիական տնտեսության զարգացման գործում: Այսպես, փարիզյան սրճարաններից մեկի հիմնադիրը ծագումով հայ է եղել: «Այսօր էլ շատ հայեր գործում են Ֆրանսիայի եւ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման օգտին»,-նշել է նախագահը:
Նա հավելել է, որ Հայաստանում մեծապես կարեւորում են Ֆրանսիայի հետ առեւտրա-տնտեսական կապերի ամրապնդումը, որը ներդրումների քանակով երկրորդն է Հայաստանում: 2011 թվի հուլիսի դրությամբ, Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական կապիտալը կազմել է մոտ 7 հարյուր միլիոն դոլար: Ներդրումներ են եղել գինեգործության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում: Հայաստանում ներկայացված են նաեւ խոշոր ֆրանսիական ընկերություններ, ինչպիսիք են Orange-ը, Pernod Ricard-ը, Alcatel-ը եւ այլն: Այս առումով, այն հանգամանքը, որ Ֆրանսիան չի մտնում Հայաստանի 10 խոշոր գործընկերների ցանկի մեջ, չի համապատասխանում երկու երկրների փոխհարաբերությունների ներուժին:




























