Ֆիլիպինների դատարանը ուրբաթ օրը թմրանյութ պահելու մեղադրանքով արդարացրել է «թմրանյութերի դեմ պատերազմի» ամենակարկառուն քննադատներից մեկի՝ նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ընդդիմախոսին, հաղորդում է Reuters-ը:
Դատարանը նախկին սենատոր 63-ամյա Լեյլա դե Լիմայից հանել է նրան առաջադրված երեք քրեական մեղադրանքներից երկրորդը՝ կապված Դուտերտեի հրապարակային մեղադրանքների հետ, որ նախկին վարչակազմում արդարադատության նախարար եղած ժամանակ նա վճար է վերցրել բանտերում գտնվող թմրաբանդայից։
Դե Լիման վերջին վեց տարիներն անցկացրել է անազատության մեջ, որոնցից հինգը՝ որպես սենատոր, եւ մեկ այլ գործ էլ ընթացքի մեջ է։
Մեղադրանքները հայտնվել են 2017 թվականին այն բանից մի քանի ամիս անց, երբ նա Սենատում հետաքննություն է սկսել Դուտերտեի անօրինական թմրանյութերի դեմ գործողությունների վերաբերյալ, որոնց ընթացքում սպանվել են հազարավոր սպառողներ եւ դիլերներ, որոնցից շատերը զոհվել են ոստիկանության հետ բախումների կամ խորհրդավոր հանգամանքներում:
«Ես երբեք չեմ միջամտել դատական գործընթացին։ Ես միշտ ասել եմ, որ թող օրենքն իր հունով ընթանա»,-Դուտերտեի խոսքը մեջբերել է իրավաբանական խորհրդական Սալվադոր Պանելոն:
Human Rights Watch-ի Ասիայի գծով փոխտնօրեն Ֆիլ Ռոբերտսոնը հայտարարել է, որ Դե Լիման դարձել է «նրան ոչնչացնելու վրիժառու արշավի» զոհը, եւ կոչ է արել հանել նրա վրայից մնացած մեղադրանքները:
Amnesty International-ը հայտարարել է, որ կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկի այն անձանց, որոնք մեղավոր են կամայական ձերբակալման եւ անմեղության կանխավարկածի նկատմամբ նրա իրավունքների խախտման համար:





























