Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շաբաթ օրը Վատիկանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մասնավոր հանդիպման ժամանակ ընդգծել է Ուկրաինայում «հակամարտության անմեղ զոհերի» պաշտպանության կարեւորությունը, ասվում է Վատիկանի հաղորդագրության մեջ:

«Ես շնորհակալ եմ նրան միլիոնավոր ուկրաինացիների ողբերգության նկատմամբ անձնական ուշադրության համար»,-ասվում է Զելենսկու հայտարարության մեջ:

Բայց նա բոլորովին այլ կերպ է ներկայացրել զրույցի առանցքային կետերը՝ հայտարարելով, որ Հռոմի պապի հետ խոսել է ուկրաինացի Երեխաների մասին, որոնք բռնի տեղահանվել են Ռուսաստան, եւ խնդրել է նրան դատապարտել Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունները, «քանի որ չի կարող հավասարություն լինել զոհի եւ ագրեսորի միջեւ», գրում է The Washington Post-ը:

Զելենսկին ասել է, որ ինքը նաեւ առաջ է քաշել ուկրաինական «խաղաղության բանաձեւը»՝ որպես արդար խաղաղության հասնելու միակ արդյունավետ ալգորիթմ, եւ կոչ է արել Վատիկանին աջակցել դրան:

Զելենսկին ճանապարհորդությունը սկսել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ հանդիպմամբ, այնուհետեւ հանդիպել է վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որը խոստացել է լիակատար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։