Սեւանի խնդիրը նոր չէ, ավելի ճիշտ, Սեւանի խնդիրները՝ իր շրջակա միջավայրի եւ բնակչության հետ մշտական են. դրանք ընդամենը ժամանակ առ ժամանակ փոխում են իրենց բնույթն ու ուղղվածությունը, NEWS.am –ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է «Սեւան» ազգային պարկի գլխավոր հատակագծի ճարտարապետ, Հայաստանի նախագահին կից Սեւանի հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամ, Հայաստանի Հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Սուխուդյանը։
Ըստ Սուխուդյանի, խնդիրները ծագեցին դեռեւս անցած դարի կեսերին, երբ Սեւանի ջրային դարավոր պաշարները ոռոգման եւ էլեկտրաէներգիա ստանալու նպատակով օգտագործելու համար լճում փորվեց առաջին թունելը։ Այնուհետեւ, տարիներ հետո արդեն ծագեց մեկ այլ, այս անգամ «փրկարար»՝ 48-կիլոմետրանոց թունել փորելու եւ Արփա գետի հոսքի մի մասը ջրբաժանով Սեւան տեղափոխելու անհրաժեշտությունը, որպեսզի լիճը փրկվի կործանումից՝ իր կենդանական եւ շրջակա միջավայրով հանդերձ, ասել է Սուխուդյանը։ Ճարտարապետը նշել է, որ այդ տարիներին լճի մակարդակի պահպանման խնդիրները հասել էին գագաթնակետին, եւ եթե չլիներ Արփայից «ներարկված թարմ արյունը», այսօր Սեւանը չէր լինի։
NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք այսօր լիարժեքորեն են կատարվում Սեւանա լճի մակարդակի բարձրացման շուրջ Հայաստանի կառավարության նախատեսած բոլոր միջոցառումները, եւ եթե ոչ, ապա ինչո՞վ է դա պայմանավորված, Սուխուդյանը նշեց, որ այսօր լճի մակարդակի բարձրացման գործընթացը դեմ է առնում նոր խնդրի՝ փողի եւ բնության պայքարին։
«Սեփականաշնորհման եւ տնտեսական նոր հարաբերությունների ժամանակաշրջանում Փոքր Սեւանի ափամերձ ողջ տարածքը եւ Մեծ Սեւանի մի մասը վարձակալման հիմունքներով բաժանվեց մասնավոր անձանց՝ հանգստի կազմակերպման նպատակով, եւ հիմա լճի մակարդակի բարձրացման վերաբերյալ կառավարության հիշյալ որոշման պատճառով ափամերձ բուսականությունն ու շինությունները հայտնվել են ջրասույզ լինելու վտանգի առջեւ, եւ դա հազիվ թե դուր գա ձեռներեցներին», ասել է Սուխուդյանը, եւ ավելացրել, որ ի լրումն այս ամենի, Սեւանի արհեստագործական տնտեսությունների միջեւ լճի ջրային տարածքի բաժանման հետեւանքով այսօրվա դրությամբ լիովին վերացել է Սեւանի ձկան պաշարը, մնացել են միայն 80-ականների վերջին այնտեղ պատահաբար հայտնված ծածանը եւ խեցգետինը։ Գագիկ Սուխուդյանի կարծիքով, փողի եւ բնության բախման մեջ առայժմ հաղթում է փողը, իսկ Հայաստանի իշխանությունները անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում կշեռքի նժարը հակառակ կողմը թեքելու համար։
Քանի դեռ կառավարությունն ու իշխանությունները չեն հասկացել, որ Սեւանն ամենակարեւոր եւ արժեքավոր համաժողովրդական սեփականությունն է, որը կայուն զարգացում է ապահովել ու ապահովելու է մեր ժողովրդի բազմաթիվ սերունդների համար, եւ բոլոր մյուս հարցերը չեն ստորադասի լճի շահերին, խնդիրները չեն վերանա",- նշել է նա՝ կոչ անելով «չբավարարվել լճի մակարդակը 6 մետրով բարձրացնելով, այլ պայմաններ ստեղծել, որպեսզի ապագա սերունդները հնարավորություն ունենան լիովին վերականգնել լճի մինչ ջրի բացթողումը եղած մակարդակը եւ ջրային միջավայրի ու կենդանական աշխարհի նախկին բազմազանությունն ու ծավալները»։
Ըստ Սուխուդյանի, Սեւանա լիճը Հայաստանի ռազմավարական առավելությունն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, եւ ոչ միայն այն պատճառով, որ աշխարհում խմելու ջրի պաշարների մեծ պակաս կա, եւ մեր Սեւանա լիճը խմելու ջրի հսկայական շտեմարան է, այլեւ, որ Սեւանա լճի պահպանումը իր բնականին մոտ սահմաններում, կտրուկ կբարձրացնի Հայաստանի Հանրապետության դերն ու ազդեցությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ ողջ Մերձավոր Արեւելքում, եզրափակել է Գագիկ Սուխուդյանը։



























