«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր` սեպտեմբերի 29-ին, կազմել է 373 դրամ:

Նշենք, որ երեկ բորսայում գործարքներ տեղի չեն ունեցել, իսկ սեպտեմբերի 27-ի համեմատ դոլարը թանկացել է միանգամից 3 դրամով:

Սա 2011 թ. փոխարժեքի ամենակտրուկ տատանումն է:Այն, որ դոլարն այս օրերին հայաստանյան ֆինանսական շուկայում կթանկանա` կանխատեսելի էր: Նախ, մոտ 10 օր, հակառակ միջազգային միտումներին, մեր ֆինանսական շուկայում նկատվում էր դոլարի թուլացում` փոխարժեքը 376-ից իջավ մինչեւ 370 դրամ:

Ըստ երեւույթին` դոլարի փոխարժեքը հասել է տատանման կորի նվազագույն մակարդակին, որից հետո պետք է սկսվի փոխարժեքի աճ:

Բանկերի մոտ դա առաջացրել է համապատասխան սպասումներ` նրանք կտրուկ սահմանափակել են դոլարի վաճառքը, ինչն էլ հանգեցրել է տատանման նման մեծ ամլիտուդի:

 Նշենք սակայն, որ առուվաճառքի ծավալներն այսօր բորսայում չնչին էին` ընդամենը 100 հազ. դոլար, ինչը վկայում է անորոշության մասին: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը աճել է մինչեւ 372 դրամ, այնինչ երեկ կարելի էր այդ գնով փոխանակման կետերից դոլար գնել: