Մոսկվայի և Անկարայի համագործակցությունն իսկապես փոխշահավետ է, ուստի, Կրեմլն ակնկալում է, որ այն կընդլայնվի՝ անկախ Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքներից։ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում թուրք ժողովրդի ընտրությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ведомости-ն։

Ռուսաստանը և Թուրքիան համագործակցում են էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի, գյուղատնտեսության, ավտոմոբիլային և օդային փոխադրումների ոլորտում, և այդ համագործակցությունը բխում է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ժողովուրդների շահերից, ընդգծել է Պեսկովը։

«Այդ իսկ պատճառով, իհարկե, մենք մեծ հետաքրքրությամբ, մեծ ուշադրությամբ հետևում ենք այս օրերին Թուրքիայից եկող լուրերին։ Մենք հարգանքով ենք վերաբերվում և կվերաբերվենք թուրք ժողովրդի ընտրությանը։ Բայց, ամեն դեպքում, մենք ակնկալում ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի, կխորանա ու ընդլայնվի»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կարո՞ղ է «թուրքական մայդան» կազմակերպել ընտրությունների երկրորդ փուլից առաջ, Պեսկովն ընդգծել է, որ Թուրքիան ուժեղ ժողովրդավարական երկիր է, որը կարող է ապահովել թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ և կանխել ցանկացած անօրինական գործողություն։ «Մենք դրանում կասկած չունենք»,- հավելել է նա։