Հանուն պետության գերակա շահի Եկմալյան փողոցի բնակիչները արդեն չորս տարի է՝ վարձով են ապրում: Իրենց նախկին բնակարանների փոխարեն «Գրադինվեստ» ՍՊԸ-ն էլիտար շենք է կառուցում: «Գրադինվեստ» ՍՊԸ-ն, ի դեմս փոխտնօրեն Սիմոն Աղազարյանի՝ հղում անելով կառավարության 2004 թվականի 909 որոշմանը՝ պայմանագիր է կնքել բնակիչների հետ՝ պարտավորվելով երկու տարի անց նույն հասցեում կառուցած էլիտարից բնակարաններ տրամադրել սեփականատերերին: Մի քանի ամիս առաջ NEWS.am-ը անդրադարձել էր այն հարցին, որ թեեւ ժամկետը վաղուց լրացել է, սակայն 16 հարկանի բարձրահարկից ընդամենը երկու հարկ էր կառուցվել եւ շինարարությունը դադարեցվել էր: Ամիսներ անց վերսկսվել է շինարարությունը, սակայն բնակիչների անհանգստությունը էլ ավելի է ուժգնացել, քանի որ հսկա շինարարությունը իրականացվում է ընդամենը մի քանի բանվորով, ինչն էլ կասկածի տակ է դնում նրանց երբեւէ բնակարանի տեր լինելու հնարավորությունը: Նրանք NEWS.am-ի թղթակցին իրենց բողոքը հայտնելով՝ նշել են նաեւ, որ այս ընթացքում մի քանի բնակիչ արդեն մահացել են: «Այստեղ ծնվել եմ ես հայրս, պապս, իր պապը: Սրանք պատմական հուշարձաններ են, Նիկոլայ 1-ինը, որ եկել ա Հայաստան, էստեղ ա մնացել: Քանդել են ապօրինի, դիմել ենք նախագահին, այնտեղից պատասխանել են՝ դիմեք քաղաքապետարան, սա էլ ասել ա՝ դիմեք դատարան: Ո՞ւմ տանք դատի, քաղաքապետարանի՞ն, իրենք են երաշխավորել, որ քանդել են տները»,- ասում է նախկին բնակիչ Վարդան Գեւորգյանը:

Բացի նրանից, որ «Գրադինվեստը» խոստացած ժամանակահատվածում չի ավարտել կառուցապատումը՝ մարդկանց թողնելով փողոցում, նա նաեւ չի կատարել պայմանագրի այն կետը, որով պարտավորվել է, բնակիչներին տրամադրել ամսական 100 դոլարին համարժեք դրամ՝ որպես վարձավճար: «Բնակիչների մեծ մասին վարձրավճարները չեն տվել, բազմիցս դիմել ենք, խոսք են տվել, որ հարցը կլուծեն, բայց պատասխան չեն տվել: Մարդ կա ընդհանրապես չի ստացել, մարդ էլ կա մի քանի ամիս ստացել է, բայց հիմա դադարեցրել են»,-դժգոհել է նախկին բնակիչ Ներսես Մանուկյանը:

Ի դեպ քաղաքապետարանը հանդիսանում է «Գրադինվեստ» ՍՊԸ-ի երաշխավոր: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շենքի ավարտի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար դիմել է ՍՊԸ-ի երաշխավոր քաղաքապետարանին: Ինչպես փոխանցեց ՄԻՊ-ի գրասենյակի քաղաքական ու քաղաքացիական իրավունքերի վերականգնման խմբի մասնագետ Սերգեյ Հարությունյանը, քաղաքապետարանը պատասխանել է, որ ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների ընթացքը մշտապես լինելու է իրենց ուշադրության կենտրոնում: Ահավասիկ, քաղաքապետարանի ակնհայտ ուշադրության արդյունքում ոմանք մահանում են ուրիշի տանիքի ներքո, ոմանք էլ դարձել են վտարանդի: