Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է նախօրեին արված իր հայտարարությունը, որով Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է ընդդիմության ծրագրած հանրահավաքի եւ երթի ընթացքում հնարավոր բախումների եւ բռնությունների մասին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան լրատվության բաժնից հայտնել են, որ դիվանագիտական առաքելությունը քաղաքում կազմակերպվող յուրաքանչյուր հանրահավաքից առաջ ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում է այդ մասին եւ համապատասխան հաղորդագրությունը մշտապես տեղադրում է իր պաշտոնական կայքում։
«Այդ հաղորդագրությունը նախատեսված է միայն Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիների համար, եւ նմանատիպ զգուշացումներ եղել են նաեւ նախորդ բոլոր հանրահավաքների ժամանակ: Ի տարբերություն նախորդների` այս անգամ հայաստանյան մամուլը անդրադարձել է ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրությանը»,- նշել են դեսպանատնից:Հիշեցնենք, որ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել` Միացյալ Նահանգների քաղաքացիներին զգուշացնելով, որ ուրբաթ օրը Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի, ինչպես նաեւ դրան հաջորդող երթի ընթացքում կարող են լինել բռնություններ:
«Մենք զգուշացնում ենք ԱՄՆ-ի քաղաքացիներին, որ թեեւ ցույցերը նախատեսված են խաղաղ լինել, սակայն դրանք կարող են վերածվել առճակատման եւ հնարավոր է հանգեցնեն բռնությունների` առանց զգուշացման: Հնարավորության դեպքում շրջանցեք ցույցերի անցկացման վայրերը, ինչպես նաեւ զգուշություն ցուցաբերեք դրանց հարող տարածքներում» - ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում։
Դեսպանատունը նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին տեղեկացրել է, որ արտոնված քաղաքական հանրահավաքը նախատեսված է սեպտեմբերի 30-ին ժամը 18։30-ին Ազատության հրապարակում, դրան հաջորդելու է երթը: Այն մեկնարկելու է Ազատության հրապարակից, անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով, այնուհետեւ նախատեսված է Հյուսիսային պողոտայով վերադարձ դեպի Ազատության հրապարակ։ Դեսպանատունը, սակայն, զգուշացնում է, որ երթը կարող է ընդգրկել նաեւ Երեւանի կենտրոնի այլ տարածքներ։




























