Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության անվտանգության ուժերը շաբաթն օրն արցունքաբեր գազ են օգտագործել հակակառավարական ցուցարարների դեմ եւ մարտեր են մղում մայրաքաղաք Կինշասայի փողոցներում, տեղեկացրել է Reuters-ը։
Ցուցարարներն ընդվզել են կյանքի արժեքի եւ երկրի արեւելքում անվտանգության երկարատեւ բացակայության դեմ, այստեղ զինված աշխարհազորայինները եւ ապստամբ խմբավորումները հարձակումներ են կատարել, որոնց հետեւանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է հարկադրյալ տեղահանված։
Մոտ տասը ցուցարար կալանավորվել է անվտանգության ուժերի կողմից ցույցն սկսվելուց անմիջապես հետո։
«Ցուցարարներին արգելվել է գալ այստեղ, սա չարտոնված երթ է»,- ասել է ոստիկանության հրամանատար Ֆաուստին Նումբին բախումների վայրում։
Դեկտեմբերի 20-ին Կոնգոյում պետք է տեղի ունենան համընդհանուր ընտրություններ, նախագահ Ֆելիքս Չիսեկեդին, ինչպես սպասվում է, հավակնելու է երկրորդ ժամկետին։
Սակայն քաղաքական լարվածությունը կոբալտ արտադրող համաշխարհային առաջատար երկրում աճում է, որոշ ընդդիմադիր թեկնածուներ դժգոհում են ընտրողների գրանցման գործընթացում նկատվող խախտումներից, ինչը, ըստ նրանց, ի վնաս իրենց է աշխատում։
Ընդդիմության չորս ղեկավարները, ներառյալ Մարտին Ֆայուլան, որը զբաղեցրել էր երկրորդ տեղը 2018թ. նախագահական ընտրություններում, եւ գործարար միլիոնատեր, նախկին նահանգապետ Մոյզե Կատումբին, որը, ինչպես սպասվում է, առաջադրվելու է 2023թ., շաբաթ օրը կոչ են արել բողոքի գործողություններ իրականացնել։
Սպասվում է, որ Կոնգոյի ընտրական հանձնաժողովը կիրակի կհրապարակի ընտրողների գրանցման մասին տվյալները։





























