Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը հանձնարարել է իտալացի կարդինալ Մաթեո Ցուպիին գլխավորել խաղաղության առաքելությունն՝ այն հույսով, որ դա կարող է «թուլացնել լարվածությունն» Ուկրաինայի պատերազմում եւ խաղաղության ճանապարհ հարթել, տեղեկացրել է Վատիկանը շաբաթ օրը։
Վատիկանի մամուլի քարտուղար Մաթեո Բրունին տեղեկացրել է, որ Ֆրանցիսկոսը հանձնարարել է առաքելությունը կարդինալ Մաթեո Ցուպիին, որը հովվապետի մտերիմն է։ Բրունին տեղեկացրել է, որ առաքելության ժամանակացույցը եւ իրականացման միջոցները «ներկայում ուսումնասիրվում են»։
Մեկ շաբաթ առաջ Ֆրանցիսկոսը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Վատիկանում։ Հետագայում Զելենսկին, երբ նրան հարցրել են այդ հանդիպման մասին, նշել է, որ, իր կարծիքով, ցանկացած միջնորդություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անհնար է։
Ապրիլի վերջին, Հունգարիայից Հռոմ վերադառնալիս, Ֆրանցիսկոսը լրագրողներին ինքնաթիռում ասել է, որ Վատիկանը մասնակցում է մի ինչ-որ խաղաղության առաքելության, բայց հրաժարվել է մանրամասներ ներկայացնել։ «Ես կարող եմ հաստատել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանձնարարել է կարդինալ Մաթեո Ցուպիին, Բոլոնիայի արքեպիսկոպոսին եւ Իտալացի եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահին առաքելություն իրականացնել (Վատիկանի) Պետական քարտուղարության հետ համաձայնեցնելու վերաբերյալ, որը կնպաստեր լարվածության թուլացմանն Ուկրաինայում՝ այն հույսով, որ դա կարող է խաղաղության ճանապարհ հարթել,- ասել է Բրունին։- Այդ առաքելության ժամկետը եւ անցկացման միջոցները ներկայում ուսումնասիրվում են»։
Այս շաբաթ ավելի վաղ Վատիկանի խնդիրներին նվիրված վեբ-կայքը տեղեկացրել է, որ Հռոմի պապը գործի է դրել անձնական բանագնացներին ինչպես Զելենսկու, այնպես էլ Պուտինի հետ բանակցությունների համար՝ հրադադարի միջնորդության հույսով։
Վատիկանի հակիրճ հայտարարությունում, որն արվել է շաբաթ երեկոյան, Ռուսաստանը չի հիշատակվել։
Ֆրանցիսկոսը բազմիցս դատապարտել է պատերազմը, զգուշացրել սպառազինությունների ավելացումից եւ աղոթել ուկրաինացի ժողովրդի համար։ Պատերազմի մասին իր բազմաթիվ մեկնաբանություններում նա սովորաբար խուսափել է Պուտինին մեղադրելուց։
Հովվապետը հայտարարել է, որ կմեկներ Կիեւ՝ Ուկրաինայի մայրաքաղաք, եթե ուխտագնացությունն օգներ խաղաղության հաստատմանը, բայց ասել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե կարողանա այցելել նաեւ Մոսկվա։





























