Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Բոլգարական իսլամական ակադեմիայում մուսուլմանական երկրների պետական եւ հասարակական գործիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմին հանդիման, եւ մարդկությունը կարող է ոչնչանալ զանգվածային զենքի կիրառման պարագայում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօր աշխարհը փաստացի կանգնած է աղետալի հակամարտությանը հանդիման, եւ ոմանք դա անվանում են երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման դեպքում մարդկությունը «ողջ մնալու հեռանկար չի ունենա»։

Ավելի վաղ պատրիարքն այցելել էր Բոլգարական իսլամական ակադեմիա եւ հանդիպել մուսուլմանական երկրների պետական եւ հասարակական գործիչների հետ։ Նա այցելել է ակադեմիայի բազմաֆունկցիոնալ սրահ, ուսումնական լսարան՝ կահավորված մուլտի-մեդիա համալիրով, համակարգչային դասարան, թանգարան, գրադարան, ձեռագրերի վերականգնման լաբորատորիա։