Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի կարճատև, բայց խորհրդանշական այց է կատարել Մոնղոլիա։ Սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Չինաստանի և Ռուսաստանի միջև գտնվող երկիր, որն աճող ռազմավարական հետաքրքրություն է առաջացնում Արևմուտքում, տեղեկացնում է AFP-ն։

Հիրոսիմայում G7– գագաթնաժողովից հետո մայրաքաղաք Ուլան-Բատորում վայրէջք կատարելուց հետո Ֆրանսիայի նախագահը ընդունելության է արժանացել ավանդական մոնղոլական պատվո պահակախմբի կողմից։ 

Այնուհետև Մակրոնին ընդունել են Սուխե-Բատորի հրապարակում, որտեղ գտնվում են մոնղոլ հեղափոխական հերոս Դամդին Սուխե-Բատորի և Չինգիզ խանի հուշարձանները։

2022 թվականի փետրվարին ռուսաստանյան զորքերի Ուկրաինա մտնելուց հետո Ֆրանսիան աշխուժացրել է դիվանագիտական հարաբերություններն այն երկրների հետ, որոնք հանդես չեն եկել Ռուսաստանի բացահայտ դատապարտմամբ, որոնցից մեկը Մոնղոլիան է։

Ուլան-Բատորում, որտեղ կանցկացնի մեկ երեկո, Մակրոնն ընթրելու է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի հետ, տեղեկացրել են Ելիսեյան պալատից։

Նա կայցելի նաև Չինգիզ խանի թանգարան, որը կրում է 13-րդ դարի մոնղոլ նվաճողի անունը, թանգարանն իր ցուցանմուշների մի մասը տրամադրելու է Նանտի Պատմական թանգարանին հոկտեմբերին նախատեսված ցուցահանդեսի համար։

«Այն փաստը, որ Մոնղոլիան վերադարձի ճանապարհին է, թույլ է տալիս մեզ կատարել այս պատմական առաջին այցը և դրան հատուկ նշանակություն է տալիս»,- ասել է Ելիսեյան պալատի աղբյուրը։

Մոնղոլիան ձգտում էր «դիվերսիֆիկացնել իր գործընկերային հարաբերությունները, որպեսզի ավելի հուսալի դառնա և կարողանա գործ ունենալ իր խոշոր հարևանների՝ Ռուսաստանի ու Չինաստանի հետ»,- ավելացրել է աղբյուրը։

Փարիզը ձգտում է «թուլացնել Ռուսաստանի հարևանների վրա եղած սահմանափակումները» և և նրանց տարբերակների լայն ընտրություն տրամադրել, պարզաբանել է աղբյուրը։

Մոնղոլիան ևս կարող է մատակարարումների դիվերսիֆիկացիայի հարցում եվրոպական ջանքերի մաս դառնալ, «որպեսզի երաշխավորի մեր էներգետիկ ինքնիշխանությունը», ավելացրել է աղբյուրը։

Հյուսիսասիական հսկայական երկիրը վերջին տարիներին դարձել է ԱՄՆ-ի աճող հետաքրքրության առարկան՝ Չինաստանի առաջխաղացմանը խանգարելու ռազմավարության առումով։

Մոնղոլիայի արտահանման ընդհանուր ծավալի 86 %-ը բաժին է հասնում Չինաստանին, որի կեսը կազմում է ածուխը։