Նյու Յորքի լյուքսային բուտիկների աշխատակիցները հաճախորդներին առաջարկում են թանկարժեք իրերը փաթեթավորել առանց լոգոների, որպեսզի գնորդները գողերի թիրախ չդառնան, գրում է NY Post-ը։

Նյու Յորքի հանցագործությունների աճի ֆոնին Հինգերորդ եւ Մեդիսոն պողոտայի շքեղ բուտիկները սկսել են իրենց հաճախորդներին առաջարկել սպիտակ, առանց պիտակների թղթե տոպրակներ՝ թանկարժեք գնումները թաքցնելու համար: Այս պարզ փաթեթները ծածկում են խանութների բրենդային պայուսակները՝ նարնջագույն Hermès, կապույտ Tiffany եւ կարմիր Cartier, որոնք կարող են թիրախ դառնալ գողերի համար:   

Նախորդ ամսվա ընթացքում Միդթաունի հյուսիսային հատվածում, որտեղ տեղակայված են Tiffany's, Cartier եւ Louis Vuitton առաջատար բուտիկները, 148 բողոք է ներկայացվել խոշոր գողությունների վերաբերյալ, ինչը 94 տոկոսով ավելի է, քան երկու տարի առաջ։