Թայվանն իր F-16V կործանիչները համալրել է ամերիկյան նոր AIM-9X Sidewinder օդ-օդ հրթիռներով, գրում է South China Morning Post թերթը՝ հղում անելով կղզու ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցչին։

«Թայվանի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ AIM-9X Sidewinder հրթիռները ձեռք են բերվել ԱՄՆ-ից և վերջերս հանձնվել են F-16V ջոկատներին, որոնք պատրաստ են արձագանքել Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) թռիչքներին»,- գրում է թերթը։ 

Հաղորդվում է, որ նոր հրթիռները մատակարարվել են Թայվան եւ տեղադրվել ժամանակացույցին համապատասխան։ Ռազմաօդային ուժերը նաև նշել են, որ ՉԺԱԲ-ի մարտական ​​ինքնաթիռներին հետևելու համար պահեստային բոլոր ինքնաթիռները պետք է զինված լինեն մարտական ​​պատրաստության չափանիշներին համապատասխան:

Պարբերականը, վկայակոչելով ռազմաօդային ուժերի մեկ այլ աղբյուրի, գրում է, որ Ցզյայի ավիաբազայում թայվանական F-16V բոլոր 64 կործանիչները համալրվել են AIM-9X Block II հրթիռներով՝ «հետագծելու և ճշգրիտ հարվածելու հնարավորությունները բարելավելու համար»։

«Բացի AIM-9X-ից, կործանիչների մի կողմում տեղադրվել է նաև AIM-120 միջին հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռը»,- ասել է աղբյուրը։