ԵՄ առաջնորդները համաձայնել են Չեխիայի համար բացառել Հիմնարար իրավունքների եվրոպական խարտիայի մի շարք դրույթներ, քանի որ միայն այդ դեպքում Չեխիան կհամաձայնվի ստորագրել Լիսաբոնյան պայմանագիրը։ Այս մասին հայտարարությունն արվել է եվրոպական երկրների ղեկավարների հոկտեմբերի 29-ին կայացած Բրյուսելյան հանդիպումից հետո։
Ինչպես հայտարարել է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, պայմանագիրը կարող է վավերացվել նոյեմբերի 3-ին՝ երկրի Սահմանադրական դատարանի կողմից ուսումնասիրվելուց հետո, հայտնում է BBC-ն։
Ըստ այդմ, Կլաուսի պահանջով պետք է Չեխիային երաշխիքներ տրվեն, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Չեխիային անցած Սուդեթյան մարզից հեռացած գերմանացիները եւ նրանց սերունդները իրենցից վերցված հողի եւ ունեցվածքի համար փոխհատուցում չպահանջեն։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, Եվրամիության ապագա նախագահի եւ բարձրաստիճան ներկայացուցչի թեկնածության քննարկման, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձեւավորման համար նոյեմբերի 11-12-ը Բրյուսելում կարող է տեղի ունենալ Եվրամիության արտահերթ գագաթնաժողով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին իր ստորագրությունն էր դրել Լիսաբոնյան պայմանագրի տակ։ Լեհաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ այդ պայմանագիրը հավանության էր արժանացրել դեռ 2008թ.-ին։ Սակայն երկրի օրենսդրության համաձայն՝ այն պետք է ստորագրեր նաեւ երկրի նախագահը։ Լիսաբոնյան պայմանագրի ուժի մեջ մտնելու համար այն պետք է վավերացվի ԵՄ բոլոր 27 երկրների կողմից, որոնցից այսօր միայն Չեխիան է, որ չի վավերացրել դա։




























