Սպիտակ տան պարիսպներին հարվածած բեռնաարի վարորդը իշխանություններին խոստովանել է, որ ցանկացել է «սպանել ԱՄՆ նախագահին» եւ «զավթել իշխանությունը»։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին։
Նրա տվյալներով՝ Միսուրի նահանգի 19-ամյա բնակիչ Սաի Վարշիտ Կանդուլան ծրագրել էր վեց ամսվա ընթացքում հարձակում գործել, նրա նպատակը «Սպիտակ տուն հասնելն ու իշխանությունը զավթելն էր»։ Հարցին, թե ինչպես էր պատրաստվում զավթել իշխանությունը, կասկածյալը պատասխանել է, որ նախատեսում էր «սպանել նախագահին եւ վնաս հասցնել ցանկացած մարդու, ով կկանգներ իր ճանապարհին»։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ոստիկանությունը բեռնատարի վարորդին մեղադրել է ԱՄՆ նախագահին, փոխնախագահին եւ նրանց ընտանիքների անդամներին սպանելու մտադրության մեջ։ Կանդուլան մեղադրվում է նաեւ վտանգավոր գործիքի կիրառմամբ հարձակում գործելու, դաշնային սեփականությունը վնասելու եւ պահպանվող տարածք անօրինաբար մուտք գործելու մեջ։ Հետաքննությամբ զբաղվում են ոստիկանությունը, ԱՄՆ Գաղտնի ծառայությունը եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն։
ԱՄՆ Գաղտնի ծառայության տվյալներով՝ երկուշաբթի երեկոյան բեռնատարի վարորդը հարվածել էր Սպիտակ տան առջեւի Լաֆայեթ հրապարակի պաշտպանական պարսպին։ Պահապաններից կամ Սպիտակ տան աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել։ Ինչպես տեղեկացրել է Reuters գործակալությունը, մեքենայում նացիստական դրոշ է հայտնաբերվել։





























