Այսօր նա ոչ միայն Արգենտինայի, այլեւ ողջ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային գործակալներից մեկն է։ Այն ֆուտբոլիստները, որոնց հետ նա աշխատում է, հանդես են գալիս Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Արգենտինայի առաջատար ակումբներում։

Մարսելո Սիմոնյանը ծնվել, աշխատում եւ ապրում է Արգենտինայում, սակայն գրեթե միշտ շրջագայությունների մեջ է, քանի որ մշտապես բանակցություններ է վարում շատ ակումբների ղեկավարների հետ։ Սիմոնյանն ունի հայկական արմատներ, քանի որ նրա հայրը Ստամբուլի հայ է, իսկ մայրը՝ իտալուհի։

Օրերս Սիմոնյանը Արգենտինայում հանդիպել է «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթի թղթակցի հետ, զրուցել կյանքի, եւ իհարկե, ֆուտբոլի մասին։

«Ֆուտբոլային գործակալի աշխատանքով սկսել եմ զբաղվել համեմատաբար վերջերս՝ գրեթե 10 տարի առաջ։ Սակայն մինչ այդ զբաղվել եմ սպորտային մարկեթինգով։ Ժամանակի ընթացքում ես այնպիսի կապեր հաստատեցի, որ ճիշտ չէր լինի այդ գործով չզբաղվելը։ Իմ „Dodici“ գործակալությունում ներգրավված են շատ մարդիկ, որոնք զբաղվում են տեղեկատվության հավաքմամբ»,- ասում է Սիմոնյանը։

Սիմոնյանը չի տիրապետում հայերեն լեզվին եւ մինչ այժմ նրան չի հաջողվել լինեն պատմական հայրենիքում։ Սակայն նա պատրաստվում է Հայաստան գալ նոյեմբերին եւ աչքի է ընկնում մեծ հայրենասիրությամբ։ Դրա մասին են վկայում նրա հետեւյալ խոսքերը. "Ես կցանկանայի այցելել Հայաստան եւ պարզապես շփվել մարդկանց հետ։ Ինձ հետ կվերցնեմ նաեւ որդուս, ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի նա պահպանի իր պատմական հայրենիքի հետ կապը։ Շատ կուզենայի օգտակար լինել հայկական ֆուտբոլին։ Ինչպե՞ս. ես դա պատկերացնում են ընդհանուր գծերով։ Սակայն ես կարող եմ, օրինակ՝ հովանավորել որեւէ մանկական թիմի, ապահովել նրան հանդերձանքով, գնդակներով եւ այլքով։ Կարող եմ հովանավորել՝ մասնակի կամ լիովին, թիմերի Հայաստանից Արգենտինա ուղեւորությունը։ Եվ երջանիկ կլինեմ, եթե հաջողվի գեթ մեկ երեխայի օգնել կարիերայի աճի հարցում։ Հաճույքով կհանդիպեի նաեւ հայկական ֆուտբոլի ղեկավարների հետ։