Գրոզնիում ապօրինի զինված կազմավորումների վնասազերծման հատուկ գործողությունների ժամանակ խմբավորումներից մեկի անդամը պայթեցրել է իրեն։

Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով Չեչնիայի ներքին գործերի նախարար Ռուսլան Ալխանովին, մահացածի ինքնություն արդեն պարզվել է։ Դա տեղի բնակիչ 19-ամյա Կուրեյշ Դուգուեւն է, ում հարազատ եղբայրը զինված դիմադրություն ցույց տալու պատճառով ավելի վաղ սպանվել էր։ Ալխանովի խոսքով, գործի դրված սարքի հզորությունն այնքան մեծ է եղել, որ դրա կիրառմամբ ահաբեկչությունը բազմաթիվ զոհերի պատճառ կդառնար։

Ի դեպ, նախարարը հայտնել է ИТАР-ТАСС-ին, որ հատուկ գործողության ժամանակ ահաբեկիչը դիմադրություն է ցույց տվել եւ սպանվել է պատասխան կրակոցով։

Օպերատիվ տեղեկատվությունը, որ նա պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Գրոզնիում, ոստիկանության աշխատակիցները ստացել էին նախօրեին։

Ներկայումս աշխատանքներ են տարվում Դուգուեվի հնարավոր համախոհներին հայտնաբերելու ուղղությամբ։